Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Եվրոպայում ու նաև Հայաստանում թերևս ամենագովաբանված և միաժամանակ ամենաքննադատված կառույցներից մեկն է, որի վճիռներն ու որոշումները, հատկապես Արևելյան եվրոպական և հետխորհրդային երկրներում, շատերի կողմից համարվում են դատաիրավական համակարգի կայացվածության անուղղակի ցուցիչներ։
ՄԻԵԴ որոշումները մասնավորապես կարևորություն են ստանում անցումային քաղաքական համակարգով պետություններում, ինչի համար հիմք է ստրասբուրգյան դատարանի անաչառության և օբյեկտիվության կանխադրույթը։ Քաղաքական պայքարում իրավական միջոցների կիրառումը, արդարադատության ընտրողաբար իրականացումը, քաղաքական հակառակորդների իրավական հետապնդումը վերհանելու կամ բացառելու նպատակով ՄԻԵԴ վճիռներն հաճախ դառնում են գործիք կամ հղման աղբյուր քաղաքական դերակատարների համար։
Հայաստանում ևս կա այն ընկալումը, որ ՄԻԵԴ-ը այն վերին օղակն է, որը կարող է բացահայտել օրվա իշխանությունների անօրեն գործողությունները և թաքնված օրակարգը։ Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացվել են հարյուրավոր հայցեր, և դատարանի կողմից ընդունվել են տասնյակ վճիռներ։ Գործերը վերաբերել են ամենատարբեր ոլորտներին, սկսած գործատուի կողմից աշխատավարձի չվճարումով՝ ավարտված հանրային մեծ արձագանք ունեցող քաղաքական գործերով։
Վերջին օրերին լայն քննարկման տեղիք տվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը բավարարելու որոշումը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Նշված որոշմամբ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև ապահովելով տրանսլjումինալ դրենավորման գործընթացը:
ՄԻԵԴ-ը դատարանի 39-րդ կանոնի համաձայն, կարող է միջանկյալ միջոց ձեռնարկել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ցանկացած անդամ պետության նկատմամբ։ Միջանկյալ միջոցները հրատապ միջոցներ են, որոնք, ըստ Դատարանի լավ հիմնավորված պրակտիկայի, կիրառվում են միայն այն դեպքում, երբ կա չվերականգնվող վնասի վերահաս վտանգ։ Այս միջոցների մասին որոշում ընդունվում է Դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբերյալ, սակայն այն որևէ ազդեցություն չի ունենում տվյալ գործի վերաբերյալ հետագա որոշումների՝ դրա ընդունելի լինելու կամ ըստ էության քննության վրա։ Մեծամասամբ միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումները վերաբերում են դիմումատուների խնդրանքին՝ կասեցնել արտաքսումը կամ արտահանձնումը։ Կան դեպքեր, երբ միջանկյալ միջոցներ են կիրառվել կապված առողջության և կալանքի պայմանների հետ։
Նման գործերից են Կոցաֆտիսն ընդդեմ Հունաստանի (2008), Պալադին ընդդեմ Մոլդովայի (2009), Ալեքսանյանն ընդդեմ Ռուսաստանի (2008), երբ դատարանը, կիրառելով 39-րդ կանոնը, պատասխանող կողմերից պահանջել է ապահովել դիմումատուներին պատշաճ բժշկական օգնություն։
Թեպետ միջանկյալ միջոցները սահմանվում են միայն Դատարանի կանոններով և ոչ թե Կոնվենցիայով, պետությունները պարտավորություն ունեն իրականացնել դրանք։ ՄԻԵԴ Մեծ պալատի երկու վճիռների (Մամատկուլովը և Ասկարովը ընդդեմ Թուրքիայի, Պալադին ընդդեմ Մոլդովայի )հիման վրա Դատարանը այդ պարտավորությունը կապում է կոնվենցիայի 34-րդ հոդվածի (անհատական գանգատներ) հետ։
2015-17թթ. Հայաստանից եղել է միջանկայլ միջոց կիրառելու 578 դիմում, որից 563 մերժվել է, 10 համարվել է իրավասությունից դուրս, և միայն 5 դեպքում է դրական որոշում կայացվել։ Նույն ժամանակաշրջանի համար ամենաշատ դրական որոշում կայացվել է Ռուսաստանի դեպքում՝ 101, Ուկրաինա և Ռուսաստան՝ 84, Ֆրանսիա՝ 51։ Իսկ ընդհանուր առմամբ եղել են 5413 դիմում, որից դրական որոշում է ընդունվել միայն 407 դեպքում։
Ընդհանուր առմամբ միջանկյալ միջոցները Դատարանի կողմից կիրառվում են հազվադեպ և լավ հիմնավորված դեպքերում։
Ամփոփելով նշենք, որ երկրի նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառումը ուղղակիորեն չի կապվում այդ պետության դատաիրավական համակարգի արդյունավետության հետ, հատկապես երբ դեպքը վերաբերում է արտաքսմանը կամ արտահանձնմանը, սակայն մյուս կողմից առողջական վիճակի հետ կապված միջանկյալ միջոցների կիրառումը ցույց է տալիս փաստը, որ խնդիրներ կան ազատազրկման վայրերում պատշաճ բուժօգնության ցուցաբերման հետ։ Խնդիր, որը Հայաստանում մնում է չլուծված։