Քննարկվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնելու հարցը
Կրթություն, գիտություն
19:44 18/02/2019
Հայաստան

Քննարկվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնելու հարցը

Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից է: Այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանի  գրասենյակի տնօրեն Ելենա  Միլոշևիչի և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովի հետ՝ քննարկելով Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից։ 

Նախարարը շեշտել է, որ դպրոցական սննդի կազմակերպումն ընդգրկվել է կառավարության նոր ծրագրում: Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է միայն մարզային դպրոցներում, քննարկվում է հետագա տարիներին ծրագիրն ընդլայնելու և մայրաքաղաք Երևանի դպրոցները ևս ընդգրկելու հարցը:

ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչն ու  ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրենն իրենց հերթին ընդգծել են, որ պատրաստակամ են շարունակել աջակցությունը Հայաստանի մարզային դպրոցներում ծրագրի իրագործմանը: Նրանք միաժամանակ շեշտել են, որ դպրոցական սննդի ծրագիրն իրագործվում է բարձր արդյունավետությամբ և  կարող է դրական օրինակ ծառայել  այլ երկրների համար: Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որտեղ դպրոցական սննդի կազմակերպումը պետական ծրագիր է և իրականացվում է համակարգված ենթակառուցվածքներով: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ծագրի իրագործումը ՊՀԾ-ից կառավարության հանձնառությանը փոխանցելու հարցերը:

ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների 60000 դպրոցականների համար: Մյուս հինգ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:


 

Placeholder
Քննարկվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնելու հարցը