Հայաստանում ծնելիությունը նվազում է և կշարունակի նվազել. ժողովրդագիր
Հասարակություն
15:52 27/02/2019
Հայաստան

Հայաստանում ծնելիությունը նվազում է և կշարունակի նվազել. ժողովրդագիր

Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ մտահոգող: Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում ժողովրդագրական վիճակը բնութագրող երեք հիմնական ուղղություններում՝ ծնելիություն, միգրացիա և ծերացում, կան լուրջ խնդիրներ։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019 թվականի հունվարի 1-ին դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ՝ 2018 թ-ի հունվարի 1-ի համեմատ նվազելով  7,6 հազարով։  Ինչ վերաբերում է ծնելիությանը, ապա այն շարունակում է նվազել. նախորդ տարի Հայաստանում ծնվել է 36 հազար 502 երեխա, 2017 թ-ին՝  37.7 հազար, 2016 թ-ին՝ 40 հազար 592, 2015 թ-ին՝  41 հազար 763 երեխա:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում  նշեց, որ Հայաստանում ծնելիությունը նվազում է և կշարունակի կնվազել, եթե համալիր միջոցառումներ չիրականացվեն։

«Ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում երիտասարդները չեն կարողանում ընտանիք կազմել, իսկ ստեղծելուց հետո էլ զույգերը շատ երեխաներ չեն ունենում՝ կրկին պայմանավորված սոցիալական խնդիրներով»,- նշեց նա։

Ռուբեն Եգանյանի խոսքով՝ Հայաստանում ծնելիության նվազմանը զուգահեռ աճում է նաև միգրացիան. 2017 թվականին Հայաստանից մեկնել և չի վերադարձել մոտավորապես 35-40 հազար։

Ժողովրդագրական խնդիրներից մեկն էլ այն է, որ ծերացման է գնում Հայաստանի բնակչությունը:  Նրա խոսքով՝ բնակչությունը սկսում է ծերանալ, քանի որ ծնելիությունը անկում է ապրել, նոր երիտասարդ սերունդը արդեն չի կարող փոխարինել նախորդ սերունդներին։ «Այս ամենը տեղի է ունենում նաև միգրացիայի հաշվին, քանի որ մեկնողների գերակշիռ մասը վերարտադրողական տարիքի և աշխատունակ տարիքի մարդիկ են։ Դրա հաշվին շարունակաբար մեծանում է  ծերերի տեսակարար կշիռը»,- ասաց ժողովրդագիրը։ 

Ռուբեն Եգանյանը նշեց, որ ժողովրդագրական խնդիրներն առաջանում են համակարգային խնդիրներից՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական և  այլն։ Ըստ նրա՝ իրավիճակը  շտկելու համար նշված ուղղություններով համալիր ծրագիր պետք է իրականացվի։

Հարցին՝ արդյոք ներկայիս կառավարությունն իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկում է, ժողովրդագիրը պատասխանեց, բնականաբար, կառավարությունը իրավիճակը բարելավելու ցանկություն կունենա, բայց դրա համար պետք է կարողանա  ճիշտ գնահատել իրավիճակը, պետք է մշակի հաապարփակ ծրագիր, որպեսզի խթանի բնական աճին, նպաստի արտագաղթի կասեցմանը։

«Նոր իշխանությունների գործողություններից է կախված, թե դրական փոփոխություններն ինչ արագությամբ տեղի կունենան։ Իհարկե այդ խնդիրներն անմիջապես չեն լուծվելու, տևական, հետևողական գործողության արդյունքում է միայն հնարավոր երկրում  փոխել ժողովրդագրական պատկերը»,-  ընդգծեց Ռուբեն Եգանյանը։


 

Placeholder
Հայաստանում ծնելիությունը նվազում է և կշարունակի նվազել. ժողովրդագիր