Վանդալը վերադարձել է
Օրվա թեմա
21:03 02/03/2019
Հայաստան

Վանդալը վերադարձել է

Վերնագիրը գրել ու սպասում եմ։ Ինչ գրել։ Չէ, գիտեմ ինչ գրել, բայց՝ ինչք՞ան գրել։ Մտքով գնում եմ հետ՝ այնքան բան ենք գրել։ Այնքան մարդ են խոսել՝ ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ, արվեստագետներ, գրականագետներ,... նույնիսկ ես։ Միակ շենքը, որ կարողացանք փրկել՝ «Մոսկվա» կինոթատրոնի Ամառայինն էր։ Այն էլ, չգիտեմ, փրկե՞լ ենք, թե ուղղակի սառեցված է «խնդիրը»։

Է՞լ։

Փակ շուկան՝ չէ։
Այլանդակեցին։

Աֆրիկյանների ակումբը՝ չէ։
Քանդեցին։

Քարմեջ արված Երևան։
Գրեցինք։

Որը թվեմ։

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի մասին չեմ ասում՝ ցուցակի մեջ մտցնելը դեռ շենք փրկել չէ։

Ի՞նչ կարող էինք ասել, որ չի ասվել, էլ ի՞նչ կարող էինք գրել, որ անհրաժեշտություն էր ու կրկնություն չէր լինի։

Ինչքան կարծիքներ հավաքեցինք, թե՝ Երևանը քանդելուց հետո էլ ում է պետք ձեր «Հին Երևանը»։

Ինչքան փորձեցինք սերն ու հիշողությունը վառ պահել, խոսեցրեցինք «Երևան Դեժավյուն»՝ նրբագծելով Երևանի դեմքը։

ՈՒ հիմա ևս մի շենք ընկավ վանդալի ձեռքով։ Շենք, որ մեջքը կորցրած՝ փորձում էր ճակատը բարձր պահել... ։ Որբի նման պայքար տվեց ապրելու համար ու անտերի պես կնքեց իր վախճանը։ Խորենացի 13։   Ու պատճառաբանությունը, թե՝ հուշարձանների պահպանության ցուցակում չէր՝ կրկին հնչում է ու կրկին խորթ է լսվում։

Կամ իբր հուշարձանները ինչ արեցին, որ այս է պատճառաբանությունը։
Պատճառը վանդալն է, թե չէ՝ պատճառաբանություն չկա։  ՈՒ հա՝ ծիծաղելի է արդեն բորբոքվել, որ Թուրքիայում,  Կարսում քանդել են Չարենցի հայրական տունը։ Ծի-ծա-ղե-լի։


ՈՒ երբ 2013 թվին Կարգին Հայկոն հարցնում էր՝ «Կուկուռուզնիկ», «Փակ շուկա», «Զվարթնոց»… Ո՞րն է հաջորդը,... Այժմ կարող ենք պատասխանել՝ Խորենացի 13-ը, պարոն Մարության։

 

Placeholder
Վանդալը վերադարձել է