Ազնավուրին նվիրված  երևանյան համերգին լինելու են անակնկալներ
Մշակույթ
13:00 15/04/2019
Հայաստան

Ազնավուրին նվիրված երևանյան համերգին լինելու են անակնկալներ

Մայիսի 26-ին ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին  նվիրված  երևանյան «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգային նախագծի հեղինակը  ArmCentre -ի հիմնադիր Վահե Հարությունյանն է: Նախագծի համահեղինակ, ֆրանսահայ պրոդյուսեր Հայկ Շահբազյանն ասել է, որ  համերգի առաջարկը եղել է Հայաստանից՝ «ArmCentre Group»-ից: Շանսոնյեի հիշատակին նվիրված համերգային ծրագիրը կանցկացվի Նիկոլյա և Քրիստինա Ազնավուրների հովանու ներքո:

Համերգի կազմակերպիչները հայտնում են, որ Շառլ Ազնավուրի կատարումներով հայաստանյան բեմում կլինեն ճանաչված ֆրանսիացի արտիստներ Պատրիկ Ֆիորին, Սլիմանը, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Քեյթ Ռայանը, երիտասարդ երգիչ Րաֆֆի Արտոն և ուրիշներ: Հայտնի երաժիշտներին կնվագակցի Հայասանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:

«Բոլորը մեծ պատիվ են համարել Շահբազյան պրոդյուսերական կենտրոնի առաջարկը՝  ներգրավվել Ազնավուրի հոբելյանական նախագծում և հանդես գալ նրա երկրպագուների համար:  Եվ մեզնից այդ առումով այնքան քիչ ջանք ու ժամանակ է պահանջվել, որպեսզի ի մի բերվենք և հասկանանք ինչ ծրագիր ենք կազմում»,- ասել է Փարիզի՝ «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար  Հայկ Շահբազյանը։ 

Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ երգեր են հնչելու համերգի ընթացքում։  Կազմակերպիչները խոստանում են անակնկալներ։ Հայկ Շահբազյանը վստահ է, որ ամենատպավորիչ համերգային երեկոն կունենան Երևանում:

Նա տեղեկացրել է, որ ֆրանսիացի կատարողները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես կգան նախ Ազնավուրի երկու հայրենիքներում՝ Հայաստանում և Ֆրանսիայում,  ապա  տարվա ընթացքում նախատեսում են համերգներ Մոսկվայում և ԱՄՆ-ի ամենահայաշատ նահանգում՝ Կալֆորնիայում: 

Նախագծի հեղինակները մտադիր են այս համերգաշարով  աշխարհահռչակ հայազգի երգիչ Շառլ Ազնավուրի  հիշատակին տուրք մատուցել:

Նշենք, որ համերգը կայանալու է Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին կդառնար 95 տարեկան։ Նա մահացել է 2018 թ. հոկտեմբերի 1-ին։ 

Placeholder
Ազնավուրին նվիրված երևանյան համերգին լինելու են անակնկալներ