Սամվել Բաբայան. Բոլոր բարիերներն անցնելու ենք
Քաղաքական
12:22 19/04/2019
Հայաստան

Սամվել Բաբայան. Բոլոր բարիերներն անցնելու ենք

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, որ հայտարարել էր 2020 թվականին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, այսօր հանդիպումներ է անցկացնում քաղաքացիների հետ, ինչպես ինքն  ասաց լրագրողների հետ հանդիպմանը, փորձում է ճշտել ժողովրդի դիրքորոշումը՝ ինչքանով են իրեն ընդունում կամ չեն ընդունում։

«Դրանից հետո ստորագրահավաք է լինելու, պարզելու ենք այն հնարավարությունը, մենք մասնակցելո՞ւ ենք, թե՞ չէ։ Այսօր խոսել հիմնական մրցակիցների մասին, ճիշտ չեմ համարում։ Մեկ տարի դեռ կա, մեկ տարում կարող է այնքան բան փոխվել, որ հիմնական մրցակիցները շատ փոխվեն»,-նշեց Բաբայանը։

Արցախի քաղաքացիության հարցի հետ կապված խնդիրը լուծելու համար պատրաստվում է շարժվել օրենքով։

«Ես 2007-ին երբ Հայաստանում մասնակցել եմ նախագահական ընտրություններին, 5 տարվա կացություն չունեի, այստեղ էլ պետք է ինձ արգելեին մասնակցել։ Մենք մի երկիր ենք, դա փորձում ենք էդ մարդկանց հասկացնել, օրենքը բոլորի համար հավասար կիրառեք։ Ստորագրահավաքը կանենք, կներկայացնենք, կհետևենք զարգացումներին, գնալու ենք, բոլոր բարիերներն անցնելու ենք։
Պարոն Բաբայանը սա միայն իր համար չի անում, բազմաթիվ երիտասարդներ կան, որ դրսում սովորել են, եկել, հիմա չեն կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին»,-հայտարարեց  նա։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն հայտնած Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից։

Ոստիկանությունից էլ մանրամասնել էին, որ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի շենք 19 բնակարան 10 հասցեի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար և նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21 բնակարան 3 հասցեում, ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում:

Placeholder
Սամվել Բաբայան. Բոլոր բարիերներն անցնելու ենք