Ինչու Հայոց ցեղասպանությունը չներառվեց Բելգիայի՝ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքում
Համայնապատկեր
20:35 04/05/2019

Ինչու Հայոց ցեղասպանությունը չներառվեց Բելգիայի՝ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքում

Ապրիլի 25-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը փոփոխություններ կատարեց երկրի քրեական օրենսգրքում, որով պատիժ է սահմանվում Ռուանդայի ցեղասպանության և Սրեբրենիցայի սպանդի ժխտման համար։ Այս օրենքի ընդունման նախաձեռնության մասին ապրիլի սկզբին Ռուանդա կատարած այցի ժամանակ հայտարարել էր Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, որը Կիգալիում էր՝ մասնակցելու Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցի հիշատակման արարողություններին։

Օրենքով ընդլայնվում է դեռևս 1981թ․-ին ընդունված ու Մուրոյի օրենք անունով հայտնի Բելգիայի «Ընդդեմ ռասիզմի» օրենքը։ Ընդունված նոր փոփոխությամբ պատիժ է սահմանվում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված Ռուանդայի ցեղասպանության ու Սրեբրենիցայի սպանդի ժխտման համար։ Հրեաների Հոլոքեստի ժխտման վերաբերյալ պատիժը Բելգիան 1995թ․-ին առանձին օրենքով է ընդունել։

Հրեաների ցեղասպանությունը ճանաչվել է 1945թ․-ի Նյուրեմբերգի դատարանի կողմից, 1994թ․-ի Ռուանդայում թութսիների ցեղասպանությունը և 1995թ․-ի Սրեբրենիցայի սպանդը եղել է ՄԱԿ-ի հատուկ տրիբունալների ու Հաագայի Միջազգային քրեական դատարանների վարույթների առարկա ու հաստատվել։ 

Ցեղասպանությունների ժխտման համար պատիժ սահմանող փոփոխություններում Հայոց ցեղասպանությունը չի ընդգրկվել, ինչը դժգոհություն ու նաև զարմանք է առաջացրել հայերի, ինչպես նաև Բելգիայի որոշ պատգամավորների ու հարցով զբաղվող մասնագետների շրջանում։

Բելգիայի խորհրդարանի մի քանի պատգամավորների կողմից եղել է առաջարկություն, օրենքի փոփոխության համապատասխան հատվածում ավելացում կատարել ու պատիժ սահմանել «Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների», ինչպես նաև «Բելգիայի կողմից ճանաչված» ցեղասպանությունների ժխտման համար, որի ընդատության տակ կընկներ Հայոց ցեղասպանությունը, որը Բելգիա սենատը ճանաչել է 1998թ․-ին, այնուհետ 2015թ․-ին վարչապետի ու Ներկայացուցիչների պալատի մակարդակով։ Առաջարկությունը, սակայն, մերժվել է։

Բելգիայի արդարադատության նախարար Կոեն Գրինը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը դուրս է այս օրենքի դաշտից, քանի որ այն չի եղել միջազգային դատարանի քննարկման թեմա ու չկա դատարանի որոշում:

Սակայն օրենքի ընդունմամբ Հայոց ցեղասպանության ժխտման թեման չի փակվել։ Ավելին, օրենքի ընդունման իսկ օրը՝ ապրիլի 25-ին, արդեն շրջանառության մեջ է դրվել օրենքի առանձին նախագիծ՝ «Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման ու ժխտողականության պատժի վերաբերյալ»։ Նշվում է, որ այս հարցին անդրադարձ կլինի մայիսին կայանալիք ընտրություններից հետո։

Օրենքում, ներառել Ռուանդայի ու Սրեբրենիցայի ցեղասպանությունների ժխտման համար պատիժ, բացառելով Հայոց ցեղասպանությունը, նկատելի է քաղաքական նպատակահարմարություն։

Բելգիան դեռևս խնդիրներ ունի Ռուանդայի ցեղասպանության ժխտման հետ կապված, քանի որ երկրում գործում են կազմակերպված ասոցիացիաներ, կան ռադիոկայաններ, որոնց գործունեությունն ուղղված է 1994թ․-ի ցեղասպանության խեղաթյուրմանը։ Բելգիական մամուլում որպես այդպիսիք նշվում է «Jambo» կազմակերպությունը, որը ներկայանում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություն, սակայն ղեկավարվում է Ռուանդայում ցեղասպանություն իրականացրածների ու Բելգիա փախածների հետնորդների կողմից։

Բելգիան ու Ռուանդան նախկինում համատեղ աշխատել են՝ արդարադատության առաջ կանգնեցնելու ցեղասպանություն իրականացրածներին։ Բելգիան ընդունել է իր անկարողությունը՝ փրկելու ռուանդացիներին ցեղասպանության ժամանակ։ Բելգիայում գտնվում են զգալի թվով Ռուանդայից դասալիքներ, սակայն նախկինում դատական պրոցես է եղել միայն 9-ի նկատմամբ։Կասկածյալներից մեկը, մայոր Բերնարդ Նտույահագան, ով պատասպանատու է Ռուանդայի նախկին վարչապետի ու 10 բելգիացիների մահվան համար, դեռևս պետք է արտահանձնվի Ռուանդային։

Այս ամենից կարելի է ափսոսանքով եզրակացնել, որ Բելգիայի այս քայլը առաջնային կապված է ոչ թե մարդասիրական, արժեքային մղումներով, այլ քաղաքական հաշվարկներով, մասնավորապես  Ռուանդայի հետ հարաբերությունների հստակեցման համատեքստում։ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ նույն քաղաքական հաշվարկներից ելնելով Հայոց ցեղասպանությունը չի ներառվել օրենքում, որը, թեպետ  իրավական հիմնավորմանը, նպատակ է ունեցել չվնասել Թուրքիայի հետ հարաբերություններին, որի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը մի նոր մակարդակի է բարձրացվել։ 

Placeholder
Ինչու Հայոց ցեղասպանությունը չներառվեց Բելգիայի՝ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքում