Արժեզրկում
Քաղաքական
19:07 06/05/2019

Արժեզրկում

Եթե մեկ բառով բնորոշենք մեր ժամանակները,  թերևս ամենադիպուկը կլինի արժեզրկումը:  Նոր իշխանությունների թողտվությամբ ու մասնակցությամբ  այս մեկ տարում   արժեզրկման թիրախ դարձած   եկեղեցու, բանակի ու հերոսների, մշակույթի,  ազգային արժեքների կողքին  հիմնավորապես խաթարվել  են նաև  հանրային համերաշխությունը, հարգանք ու վստահություն երևույթները: Զրոյի է հավասարվել  խոսքի արժեքը,  որովհետև բացարձակապես արհամարհելով   պատասխանատվությունն  ասած խոսքի հանդեպ, այն վերածել են փուչ շրխկանի, ուր միայն դատարկ բառեր են, բառեր, բառեր՝ սուտ ու սին, տեղի-անտեղի, պատեհ- անպատեհ :

Ուշադրություն դարձրե՞լ եք, թե այս  մեկ տարում ինչ հաճախականությամբ  է գործածվում   աննախադեպ  բառը: Անգամ հանրապետության  գլխավոր դատախազը՝  հոսանքին հակառակ չգնալով,   անթաքույց  հրճվանքով անոնսավորում է  Մարտի 1-ի դատը որպես   ՛՛ աննախադեպ, բացառիկ  դատավարություն...՛՛!!!!!!!  Աշխարհը տեսել է  մեկ աննախադեպ  ու բացառիկ  դատավարություն՝ Նյուրնբերգյան դատավարությունը:  Ի՜նչ էլ հավակնություններ ունեն  պատմության մեջ մնալու… Կմնան իհարկե, բայց հակառակ իմաստով, որպես կեղծ ու շինծու մեղադրանքներով գործ սարքող   կամակատարներ:

Կամ ով չգիտե, որ ցանկացած դատավարության  միակ բնորոշումը   արդարը պիտի  լինի: Բանից պարզվում է՝ մի ողջ հանրապետության  գլխավոր դատախազը չգիտի: Չնայած  ինչ արդարություն կարելի է ակնկալել  կարած-կարկատած մեղադրանքներով  անարդար նախաքննությամբ գործից... առավել ևս, երբ ողջ հանրությունն է լսել վերին պատվերի հեռախոսազրույցը: Այ, աննախադեպն այն է , երբ դատախազությունում  ՛՛չեն նկատում՛՛ բացահայտ ճնշումը  քննության վրա, և  կամ  հանրային պահանջով են պայմանավորում  մարտի 1-ի գործի վերաբացումը: Սուտ հավաստիացումներ…

Եթե ազգային անվտանգությունը և իրավապահ մարմիններն այդքան մտահոգված են հանրության շահերով, ապա ինչու ընթացք չեն  տալիս  տ.գ.դ., պրոֆ. Էդուարդ Մանուկյանի և տ.գ.դ. Վահան Համազասպյանի Լևոն Տեր-Պետրոսյանին բանտարկելու հիմնավորված բողոքին. ՛՛Սույն թվականի մարտի 14-ին մենք արել էինք հայտարարություն հնարավոր հանցագործության մասին, որտեղ հիմնավոր կասկած էինք հարուցել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  հանդիսանում է մեր թշնամի երկրի գաղտնի ծառայությունների գործակալ՛՛: Ընդ որում, դոկտորները նշում են նաև, որ իրենց հետ համակարծիք են 100 000 հայեր:

Այ, սա՛ է հանրային պահանջը 1990-ականների կեսերից՝ պատասխանատվության ենթարկել ԼՏՊ-ին: Ո՞րն  է նրա իմունիտետի պատճառը:  Ի՞նչը նրան թույլ տվեց   մարսել երկրի թալանն ու քայքայումը, 1996-ին իշխանության յուրացումը, 2008-ին պետական հեղաշրջման փորձը, 20 տարի շարունակ երիտասարդների ու թուլամորթների ուղեղները լվանալն ու թշնամությամբ լցոնելը: Եթե գործում է  նախագահական անձռնմխելիության սկզբունքը, ապա ինչո՞ւ նույնը չի  պահպանվում երկրորդ նախագահի դեպքում: Ինչպե՞ս  ստացվեց, որ  սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով  դատարանի առաջ է կանգնելու այն նախագահը, ով թույլ չտվեց նույն  այդ կարգի տապալումը   նախորդ նախագահի կողմից: Քննիչները  շփոթե՞լ են առաջին և երկրորդ նախագահների արարքներն ու անունները: 

Հենց միայն 2007-2008թթ. Տեր-Պետրոսյանի  հրապարակային ելույթները բավական են մի քանի հոդվածներով նրան մեղադրանք առաջադրելու համար: 25 տարուց ավել ԼՏՊ-ի կատարած  հանցագործությունների  մասին անդադար ահազանգում են ականատեսներ, դրանք ապացուցում են  տեսանյութերը, բայց անհասկանալի ձևով անհաղորդ են մնում պատկան մարմինները:

Շուտով դատարան է մտնելու 4 մեղադրյալի մասով Մարտի 1-ի գործը: Աննախադեպ ու բացառիկ շոու խոստացողները  վստա՞հ են, որ վախն այն աստիճան է կլանել հայ հանրությանը, որ ազգովին կհանդուրժենք  Տեր-Պետրոսյանի  գործած  հանցանքները Ռոբերտ Քոչարյանի վրա հրապարակավ բարդելուն: Պետք չէ նաև մոռանալ, որ ԼՏՊ-ի հոգեզավակ Փաշինյան Նիկոլն  արդեն  այն աստիճան է  հիասթափեցրել անգամ իրենցով հիացածներին, որ  չի իմացվի թե ում դեմ ինչ ցուցմունքներ  կտան խոստումներից կուրացած, բայց իրականությունից  դաժանորեն հիասթափված նորահայտ  վկաները:

Ի վերջո, մարտի 1-ը եղել է բոլորիս աչքի առաջ, և բոլորս ենք տեսել , որ այդ օրը  տեղի ունեցած ողբերգության պատճառը Տեր -Պետրոսյանի կողմից   իր համախոհներին հանդարտեցնելու  փոխարեն  էլ ավելի հրահրելն էր:  Մեր նորագույն պատմության մեջ միակ դեպքը, երբ ընդդիմությունը բախումների է գնացել, եղել է հենց 2008 թվականը, քանի որ  Տեր-Պետրոսյանից բացի ընդդիմության ոչ մի առաջնորդ պատրաստ չէր այդպիսի գին վճարել հանուն իր քաղաքական հավակնությունների: Դատարանում ինչպե՞ս են քողարկելու այդ իրողությունը, այն դեպքում երբ Եվրադատարանում էլ ընդունել են, որ 2008թ. մարտի1-ին  Տեր-Պետրոսյանը զրկված չէր ազատ տեղաշարժվելու իրավունքից: Այսինքն՝ կարող էր դուրս գալ,  կանգնել իր կողմից աjմբոխի  վերածված ժողովրդի դիմաց և կանխել հետագա արյունահեղությունը:

Գլխիվայր  շուռ եկած այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող: Մարտի 1-ի գործով դզած-փչած դատավարությունը շռնդալից փլվելու է ոչ միայն իրավական աղբ լինելու պատճառով, այլև քաղաքական իրադրության անխուսափելի փոփոխման հետևանքով:  Իսկ որ Մարտի 1-ի  այս գործը  քաղաքական պատվեր է և մեղավոր նշանակվածների հանդեպ քաղաքական հետապնդում է  իրականցվում՝ չեն ընդունում միայն  տկարամիտները:   Այս ամենի համապատկերում այնքան զավեշտալի է գլխավոր դատախազի հավաստիացումը՝  ՛՛Վստահ ասում եմ` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա՛՛:  Սա սոսկ վերին իշխանությունների խոսքերի կրկնությունն է, խոսքեր, որոնք ոչ մի իրական արժեք չունեն: Արժեզրկելով հավատ, միասնություն, վստահություն կարևորագույն սկզբունքները՝  այս իշխանություններն իրենք են լիովին  արժեզրկվել…  և որքան շուտ  հեռանան, այնքան արագ կվերականգնեք մեր արժեքները:

Placeholder
Արժեզրկում