Փաստաթղթերն ընդունել ամեն օր. նախարարը` տնօրեններին
Կրթություն, գիտություն
18:30 21/05/2019
Հայաստան

Փաստաթղթերն ընդունել ամեն օր. նախարարը` տնօրեններին

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով հերթագրված առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց:

Դպրոցները պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը, ընդ որում տեղեկանք պոլիկլինիկայից (26 ձև) և բնակավայրից ԿԳ նախարարության հաստատած կարգով նախատեսված չէ:

ԿԳՆ-ից հայտնում են, որ այս և առցանց հայտագրման համակարգի ներդրմանն առնչվող մի շարք այլ հարցեր են  քննարկվել Երևանի Պուշկինի անվան  թիվ 8 հիմնական դպրոցում` մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Դիմելով հանդիպմանը ներկա տնօրեններին` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է. «Ես հորդորում եմ բոլորիդ ստանձնել պատասխանատվություն այս համընդհանուր բարեփոխման համար` ձեզ դիմած քաղաքացիներին բացատրել կարգը, ասել, որ եթե Ձեր դպրոցում տեղերը սպառված են, ուրեմն պետք է դիմել հարևան դպրոց, որտեղ ազատ տեղեր կան: Պետք է ընդունել, հասկանալ, որ այս համակարգով անհատական մոտեցումը, հատուկ վերաբերմունքը որևէ մեկի նկատմամբ բացառվում է: Սա պետական անշրջելի քաղաքականություն է»:

Նրա խոսքով` վերջին օրերին նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներում առաջին դասարանցիների փասատթղթերը չեն ընդունել`  տարբեր պատճառաբանություններով: Արայիկ Հարությունյանը հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել և յուրաքանչյուր աշխատանքային օր ծնողներից ընդունել փաստաթղթերը:  Նախարարը նաև տեղեկացրել է, որ համակարգի ներդրման արդյունքում արդեն ավելի քան 11 հազար աշակերտ է հերթագրվել` ակնկալվող 13 հազարից: Խնդիրներ առաջացել են 0,7-1 տոկոսի մոտ: Բոլոր դեպքերն այժմ նախարարությունում  քննարկվում են և կտրվեն հստակ լուծումներ: Հանդիպմանը ներկա տնօրենները նշել են, որ առցանց համակարգի ներդրումն անհամեմատ հեշտացրել է իրենց գործը. «Ես երբեք առաջին դասարանցիների ընդունելության շրջանում այսքան հանգիստ և խաղաղ չեմ եղել, որքան այս տարի: Մենք առցանց ընդունելության  հետ կապված որևէ բարդություն չենք ունեցել և անկեղծորեն շատ շնորհակալ ենք նախարարությանը` այս համակարգի ներդրման համար»,- իր խոսքում նշել է Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանը:

 

Placeholder
Փաստաթղթերն ընդունել ամեն օր. նախարարը` տնօրեններին