Վայոց ձորում բրուցելոզի հետևանքով  24 խոշոր և 150 մանր եղջերավոր կենդանի հարկադիր սպանդի է ենթարկվել
Հասարակություն
19:12 21/06/2019
Հայաստան

Վայոց ձորում բրուցելոզի հետևանքով 24 խոշոր և 150 մանր եղջերավոր կենդանի հարկադիր սպանդի է ենթարկվել

Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ և Արենի խոշորացված համայնքի Գնիշիկ գյուղերում կենդանիները հարկադիր սպանդի են ենթարկվել: Պատճառը տարածված բրուցելիոզ հիվանդությունն է:

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մարզի ՍԱՊԾ տարածքային կենտրոնները բրուցելոզի վերաբերյալ ահազանգը ստացել են, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներից արյան նմուշառում է արվել, փորձաքննություն է կատարվել, և այն կենդանիների մոտ, որոնց շրջանում հայտնաբերվել է հիվանդությունը, ենթարկվել են սանիտարական սպանդի:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, նշված գյուղերում բրուցելոզով հիվանդ է եղել մոտ 24 խոշոր և 150 մանր եղջերավոր կենդանի:

ՀՀ էմոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչքան գումար է հատկացվել պետական բյուջեից անցած և այս տարի՝ խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում պատվաստումներ և ախտորոշումներ իրականացնելու համար,  ինչո՞վ է պայմանավորված վերջին ամիսներին բրուցելոզի նման տարածվածությունը, արդյոք նախատեսվում է բրուցելոզի դեմ պատվաստման ծրագիր իրականացնել:

Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկանքի համաձայն,  «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում հանրապետությունում իրականացվում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, հանգուցավոր մաշկաբորբ, էմկար, պաստերելյոզ, բրուցելոզ  հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:

Մասնավորապես, 2018 և 2019 թթ-ին «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում խոշոր եղջերավոր կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների իրականացման համար պատվաստանյութերի և ախտորոշիչների ձեռքբերման, ինչպես նաև անասնաբուժական վճարովի ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը կազմել է  համապատասխանաբար՝ շուրջ  854 մլն և  1 մլրդ  դրամ:
Ծրագրի շրջանակներում միջոցառումներն իրականացվում են համաձայն տվյալ հիվանդության պատվաստանյութի հրահանգի: Ըստ տեղեկանքի՝ ախտորոշիչների դեպքում, մասնավորապես՝ բրուցելոզի նկատմամբ ախտորոշումն իրականացվում է տարեկան երկու անգամ՝ հաշվի առնելով սեռահասակային խումբը: Մասնավորապես, անասնաբույժի կողմից բրուցելոզի նկատմամբ իրականացվում է արյան նմուշառում, որի արդյունքում դրական հակազդած կենդանիների սանիտարական սպանդն իրականացվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից:

Հարցին՝  նախատեսվո՞ւմ է փոխհատուցում գյուղացիներին, հայտնել են, որ «Անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում սեփականատիրոջը ցուցաբերվող օժանդակության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան  որոշումով՝  բրուցելոզ հիվանդությունն ընդգրկված չէ: 

Միաժամանակ տեղեկացնում են, որ նախարարության օրակարգում է  «Գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության կանխարգելման և պայքարի ռազմավարության» մշակումը, որը իր մեջ ներառում է, ինչպես գյուղատնտեսական կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ) համարակալման և հաշվառման ծրագիր, որը կապահովի կենդանիների շարժի վերահսկողությունը և հիվանդությունների առկայության դեպքում հետագծելիությունը, այնպես էլ համապետական սպանդանոցային մորթի անցման բաղադրիչը, ինչը իր հերթին կստեղծի նախադրյալներ՝ հիվանդ կենդանիների սանիտարական մորթի կազմակերպման համար:


 

Placeholder
Վայոց ձորում բրուցելոզի հետևանքով 24 խոշոր և 150 մանր եղջերավոր կենդանի հարկադիր սպանդի է ենթարկվել