Համաժողովում Ալբանիայի ներկայացուցիչը բողոքել է անցումային արդարադատության հետևանքներից
Իրավունք
12:58 26/06/2019
Աշխարհ

Համաժողովում Ալբանիայի ներկայացուցիչը բողոքել է անցումային արդարադատության հետևանքներից

Հայաստանի դատավորների միության պատվիրակությունը մասնակցել է Դատավորների եվրոպական միության ամենամյա տարեկան համաժողովին։ Պատվիրակության կազմում եղել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովիկ Շահնազարյանը և Հայարփի Զարգարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատավորների միությունից, Դանիայի Թագավորության Կոպենհագեն քաղաքում տեղի ունեցած  համաժողովին Դատավորների եվրոպական միության անդամ 44 պետությունների Դատավորների միություններից մասնակցել են 39-ի պատվիրակները:

Օրակարգում եղել են Դատավորների եվրոպական միության անդամ պետությունների դատական համակարգերին առնչվող հարցեր: Քննարկվել է իրավիճակը Թուրքիայի և Լեհաստանի դատական համակարգերում, այդ կապակցությամբ Դատավորների եվրոպական միության ձեռնարկած միջոցառումները: Ներկայացվել են Դատավորների եվրոպական միության բյուջեին առնչվող հարցեր:

Հայաստանի դատավորների միության անդամ, ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը հանդես է եկել «Դատական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ելույթով:

Համաժողովի ընթացքում, բացի օրակարգային թեմաներից, քննարկվել են նաև անդամ երկրների դատական իշխանությունների համար հետաքրքրություն ներկայացնող  մի շարք այլ հարցեր:

Քաղաքական իշխանությունների ազդեցությունը դատական իշխանության վրա:

Այս խնդրին անդրադառնալով՝ դատապարտվել է քաղաքական իշխանությունների հնարավոր ազդեցությունը դատական իշխանության վրա՝ որակելով այն դատավորի անկախության ոտնահարում: Առաջադրվել են քաղաքական հակահարձակման հետևյալ մոտեցումները.

* կառուցվածքային - դատական ​​ինքնավարության սուբսիդավորումը,              

* վարքային - այն դատավորների անբարեխիղճ վարքագիծը, ովքեր ծույլ են, եսակենտրոն, հետխորհրդային արժեքների կրող, կոռումպացված կամ «պարզ հանցագործներ»,             

* քաղաքական - դատական ​​իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին (ներկայացվել է Լեհաստանի օրինակը):

Դատավորների՝ դատավարական նորմերի խախտման պատճառով կարգապահական պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիությունը:

Քննարկվել է անդամ պետություններից մեկում գործող 30 տարվա մասնագիտական փորձ ունեցող դատավորի հանդեպ  դատավարական նորմի խախտման պատճառով կարգապահական տույժ կիրառելու իրավաչափության հարցը: Մասնակից երկրների դատավորների միության անդամները և համաժողովին մասնակցող փորձագետները այս հիմնահարցի մասին արտահայտել են բացասական կարծիք՝ նշելով, որ դատավարական նորմերի խախտումը չպետք է հանգեցնի դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառման, քանի որ այն որակվում է որպես դատավորի նկատմամբ ճնշում և ներգործության միջոց, ինչն արդարացված չէ եռաստիճան դատական համակարգ ունեցող երկրներում, որտեղ երաշխավորված է անձի՝ վերադասության կարգով արդար դատաքննության իրավունքի խախտումների վերացման հնարավորությունը:

Ալբանիայի Հանրապետությունում տեղի ունեցած անցումային արդարադատության (լյուստրացիայի եղանակով) իրացման բացասական հետևանքները:

Ալբանիայի Հանրապետության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել երկրում տիրող իրավիճակի մասին, որը անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման հետևանք է:

Ըստ ներկայացուցչի, այն իրականացվել է լյուստրացիայի միջոցով, որի հետևանքով բարձրագույն դատական ատյանի 19 անդամներից 18-ը ազատվել է պաշտոնից, ինչը հանգեցրել է բարձրագույն դատական ատյանի փաստացի վերացմանը: Արդյունքում, մեկ դատավորի կազմով բարձրագույն դատական ատյանը չի կարողացել ապահովել անձի արդար դատաքննության իրավունքի իրականացումը, իսկ երկրում առկա չեն համապատասխան մասնագիտական ստաժ ունեցող դատավորներ, որոնց միջոցով հնարավոր է համալրել ազատված պաշտոնատար անձանց կազմը: Ալբանիայի Հանրապետության ներկայացուցիչն օգնության կոչ է արել՝ խնդրելով միջազգային բոլոր կառույցներին իրազեկել երկրում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին:

Placeholder
Համաժողովում Ալբանիայի ներկայացուցիչը բողոքել է անցումային արդարադատության հետևանքներից