Հավելյալ անվճար տեղեր` անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդների համար
Կրթություն, գիտություն
18:52 12/07/2019
Հայաստան

Հավելյալ անվճար տեղեր` անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդների համար

Հանրապետական ընդունող հանձնաժողովը, նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ, որոշում է կայացրել հատկացնել հավելյալ տեղեր` ելնելով ընդունելության մրցույթում բոլոր դիմորդների համար հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից:

ԿԳ նախարարությունից հայտնում են, որ բոլոր դիմորդները, ովքեր անվճար համակարգ ընդունվելու համար հաղթահարել են մրցույթի անցողիկ նվազագուն շեմը և ունեն հավասար միավորներ, կընդունվեն անվճար համակարգ:

Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ նպատակով կհատկացվեն հավելյալ անվճար տեղեր` թափուր տեղերի վերաբաշխման հաշվին:

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ արվեստի բուհերին թույլատրվել է իրենց հատկացված անվճար տեղերի շրջանակում կատարել վերաբաշխում:

Քննարկվել են նաև կառավարության հատկացրած պահուստային տեղերի շրջանակում նպատակային ընդունելության, մասնավորապես Արցախի և Մեղրիի համար հատկացված տեղերի, ինչպես նաև «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդու­­նելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» 105-108-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների հարցերը (զոհված զինծառայողների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած  երեխաներ և այլն):

Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ բուհերն ընդունելության ցուցակները կհրապարակեն հուլիսի 14-ին ժամը 20:00-ին: 

Placeholder
Հավելյալ անվճար տեղեր` անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդների համար