Հինգ տարում 428 ուսանող գումարի պատճառով թողել է ուսումը
Կրթություն, գիտություն
09:00 12/08/2019
Հայաստան

Հինգ տարում 428 ուսանող գումարի պատճառով թողել է ուսումը

Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը հռչակել է երիտասարդների միջազգային օր։ Այն կոչված է հիշեցնելու աշխարհի զարգացման ու կառուցման գործում  երիտասարդների դերի մասին, բարձրաձայնելու բոլոր այն խնդիրները, որոնց նրանք հանդիպում են։

Կազմակերպությունն ահազանգում է՝ այսօր աշխարհում 6-14 տարեկան երեխաների ու պատանիների կեսից ավելին կարդալ, հաշվել չգիտեն, չնայած այն բանին, որ դպրոց են գնում։ Այս տարվա կարգախոսն է ներառական կրթության ապահովումը։

Օրվան ընդառաջ Panorama.am-ը անդրադարձել է գումարի պատճառով ուսումը չշարունակելու, Հայաստանում կրթությունն ավելի մատչելի դարձնելու,  կրթությունից հետ աշխատանք գտնելու վերաբերյալ հարցերին՝ դրանք ուղղելով Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը։

Panorama.am-Վերջին հինգ տարիների ընթացքում (2015-2019 թթ. մայիսը ներառյալ, խնդրում եմ նշել ըստ տարիների) քանի՞ ուսանող է դուրս մնացել բուհերից վարձը չվճարելու հետևանքով։

Նախարարություն- 2015-2019 թվականների ընթացքում նյութական անկարողության պատճառով ուսումնառությունն ընդհատել է 428 ուսանող (ըստ ուսումնական տարիների` հիշյալ ուսանողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակում):     

Աղյուսակ      

Ուսումնական տարին

2014/2015

2015/2016

2016/2017

2017/2018

2018/2019

Ուսանողների թիվը

80

103

123

69

53

Panorama.am- Օգոստոսի 12-ը երիտասարդության օրն է։ Այս տարվա կարգախոսն է՝ ավելի մատչելի ու ներառական կրթություն։ Ի՞նչ քայլեր են իրականացվում Հայաստանում կրթությունը մատչելի դարձնելու ուղղությամբ։

Նախարարություն- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կրթության հավասարություն և մատչելիություն ապահովելու նպատակով համապատասխան քայլեր են իրականացվում ինչպես բարձրագույն, այնպես էլ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում: Մասնավորապես`

 ՀՀ բուհերում ներդնելու նպատակով մշակվում են «Ներառական կրթությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում»  ազգային ուղենիշերը և Հայաստանում ներառական բարձրագույն կրթության ներդրման գործողությունների ծրագիրը:
 «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված է, որ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
 2015 թվականին թվով 2 նախնական (արհեստագործական) մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում իրականացվել է շենքային պայմանների բարելավում և հարմարեցում հենաշարժողական խնդիրներ ունեցող ուսանողների համար:
 «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ տարբեր մարզերում թվով 8 պետական գյուղատնտեսական քոլեջների վերակառուցում և հիմնանորոգում՝ ներառյալ ուսումնական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների առանձնահատուկ կարիքներ ունեցող ուսանողների կարիքներին հարմարեցման աշխատանքներ:
 Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի  2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության» և ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330Ն որոշմամբ հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու» կարգերի` 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են մրցույթից դուրս` պահուստային տեղերի հաշվին: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներին, հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Panorama.am-Այսօր, երբ ուսանողները քիչ են, մրցակցությունը ցածր, ո՞ր բուհերի միավորման հարցն է քննարկվում։

Նախարարություն- Բարձրագույն ուսումնական հաստատությունների օպտիմալացման (խոշորացման) նպատակը բարձրագույն կրթության որակի և արդյունավետության բարձրացումը և բուհերի հզորացման համար նախապայմաններ ապահովելն է: Համալսարանների օպտիմալացման (միավորման) գործընթացը ձեռնարկվելու է, որպեսզի խթանվի՝

 միջազգային հարթակում հայաստանյան բուհերի ճանաչելիությունը՝ պայմանավորված դրանց մեծությամբ և ընդգրկման շրջանակով,
 գիտահետազոտական արդյունքների ավելի բարձր որակը,
 գիտահետազոտական ոլորտում միջոլորտային համագործակցության ընդլայնումը,
 մասնագիտական կրթական ծրագրերի ավելի մեծ ճկունությունը և բազմազանությունը:

Միաժամանակ նշենք, որ կոնկրետ բուհերի միավորման հարցը կարող է քննարկվել միայն համակողմանի ուսումնասիրություններ կատարելուց հետո:

Panorama.am-Երիտասարդներին դեպի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ բերելու նպատակով ի՞նչ քայլեր են իրականացվում։

Նախարարություն-Մեկնարկել է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման համակարգի ներդրումը նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: 2017 և 2018 թվականներին «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի մասնագետների կողմից շարունակական կարգով իրականացվել է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատուների վերապատրաստում, ինչպես նաև տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:  2018 թվականին  ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ֆինանսավորում շուրջ 50,  2019 թվականին՝ 95 ուսումնական հաստատությունում մեկական հաստիքի ստեղծման համար: Ներկայում ԿԳՄՍ նախարարության և «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի մասնագետների կողմից համատեղ իրականացվում է մոնիթորինգ.  նախնական տվյալներով մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատուների ծառայությունից օգտվել են համակարգի ուսումնական հաստատություններում սովորող շուրջ 7500 սովորող: Կարիերայի պատասխանատուների կողմից իրականացվել է ուսումնական հաստատությունների շրջանավարտների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, օրինակ՝ շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ ցուցանիշներ (շուրջ 38.5%):

Կարիերայի պատասխանատուի գործառույթների շրջանակը ներառում է ուսանողներին աշխատաշուկայում առկա մասնագիտությունների և որակավորումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, ուսումնական հաստատության և գործատուների միջև կապի ապահովումը, ուսանողների պրակտիկաների կազմակերպումը, մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի տեղավորման և այլնի հետ կապված խնդիրների վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը:

Panorama.am-Նախորդ տարիների համեմատ այս հաստատություններ դիմորդների թիվն ինչպե՞ս է փոփոխվել։
Նախարարություն- Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններ 2018/2019 ուսումնական տարում ընդունվել են համապատասխանաբար` 3279 և 6844 (որից անվճար` 6270) դիմորդ, իսկ 2019/2020 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցմամբ  (նպաստի ձևով  ուսման  վճարի  լրիվ  փոխհատուցմամբ)  հատկացվել են համապատասխանաբար 3400 և 6561 ընդունելության տեղեր:

Հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունն իրականցվում է անվճար և տեղերը սահմանափակ են, այդ իսկ պատճառով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մրցույթից 2018-2019 ուսումնական տարում դուրս է մնացել շուրջ 500 դիմորդ:

Placeholder
Հինգ տարում 428 ուսանող գումարի պատճառով թողել է ուսումը