Փորձագետ. Մերձավոր Արևելքի հայկական համայնքներն այսօր վտանգված են
Հասարակություն
13:01 18/09/2019
Հայաստան

Փորձագետ. Մերձավոր Արևելքի հայկական համայնքներն այսօր վտանգված են

Մերձավոր Արևելքի հայ համայնքի, մասնավորապես Սիրիայի հայ համայնքի խնդիրը, վերջին մի քանի տասնամյակի ընթացքում բավականին սուր է։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օրբելի կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը։

Նա նշեց, որ այս տարածաշրջանի երկրներն աչքի են ընկնում ներքին և արտաքին ցնցումներով, պատահական չէ, որ վերջին 30-40 տարիներին Մերձավոր Արևելիք հայ համայնքները գնալով նվազում են, փոքրանում։ Լիբանանի հայ համայնքը, եթե, օրինակ, 1970-ականներին 250-300 հազար էին, ներկայումս մոտ 60-70 հազար հայություն է մնացել։ Հիմնական պատճառը քաղաքացիական պատերազմն էր։

«Սիրիայում էլ մինչև վերջին ճգնաժամը  կար միտում, արտագաղթ էր տեղի ունենում՝ պայմանավորված ներքին և արտաքին ցնցումներով։  Վերջին ճգնաժամն ավելի շատ  կատալիզատորի դեր կատարեց համայնքի՝ էլ ավելի քայքայման համար։ Նույնը Իրանի, Իրաք, Թուրքիայի հայ համայնքների մասին  կարելի է ասել»,- ասաց Վահրամ Հովյանը։

Նա նշեց, որ պետությունն իրենից կախված ամեն  բան արել է, անում է. «Նույն Սիրիայում հայ համայնքի պահպանության համար պետությունը, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները  օգնության տարբեր ծրագրեր են իրականացրել, խաղաղապահ, մարդասիրական առաքելությունների մասնակցությունը նույնպես  որոշակի խթան է համայնքների պահպանման համար»։

Փորձագետի խոսքով, կարևոր է, որ պետությունը նոր հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակներում հայ համայնքների ներկայացուցիչների հայրենադարձությունը կարողանալ կազմակերպել սահուն, ոչ մեծ կորուստներով։

«Մենք բախվելու ենք այդ տարերային հայրենադարձության խնդիրներին, որովհետև Մերձավոր Արևելքի այն երկրներում, որտեղ ունենք հայություն, այսօր վտանգված են։ Ամբողջ խնդիրը պետության կողմից պատրաստ լինելն է  այդ տարերային  հայրենադարձության ալիքին»,- ասաց Վ. Հովյանը։

Ասուլիսին ներկա Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն ասաց, որ սիրիական հակամարտության հետևանքով վերջին 7-8 տարում Հայաստան է տեղափոխվել ավելի քան 22 հազար սիրիահայ, 20 հազարն ընդունել է ՀՀ քաղաքացիություն։

«Սիրիահայերի փորձը շատ կարևոր է  ապագայում հնարավոր նման զարգացումների դեպքում պետության քաղաքականությունն ավելի ամբողջական, մշակված տանելու համար»,- ասաց նա։

Placeholder
Փորձագետ. Մերձավոր Արևելքի հայկական համայնքներն այսօր վտանգված են