«Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը
ՏՀՏ-ն Հայաստանում
19:00 02/10/2019
Հայաստան

«Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ հոբելյանական 15-րդ «Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը, որն աննախադեպ կլինի մասնակիցների քանակով:  Ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ իրենց արտադրանքը կներկայացնեն ցուցահանդեսում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Դիջիթեք Էքսպո»-ի պաշտոնական ասուլիսը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ucom» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մանրամասներ ներկայացրին  տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն այս միջոցառման վերաբերյալ։

Հակոբ Արշակյանը նշեց, որ «Դիջիթեք Էքսպո»-ն կարևոր հարթակ և հնարավորություն է՝ մեկ տեղում ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամբողջ ներուժը և մեր երկիրը որպես կենտրոն տեղակայելու տարածաշրջանում:

Նախարարը տեղեկացրեց, որ նախարարությունը «Դիջիթեք Էքսպո»-ում հանդես կգա իր առանձին տաղավարով։ Ցուցահանդեսն այս տարի յուրահատուկ է նաև  նրանով, որ տաղավարներ են հատկացվել նորաստեղծ ստարտափ, ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերություններին։

Հակոբ Արշակյանն անդրադարձավ նույն օրերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019), որի շրջանակներում նախարարության հյուրընկալությամբ տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ ավելի քան 20 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ տարեցտարի «ԴիջիԹեք Էքսպո»-ի մասնակիցների քանակն ավելանում է։ Մեծանում է նաև միջազգային ընկերությունների հետաքրքրությունը։ Այս տարի մեծ տաղավարով հանդես կգան Իրանը, Մալազիան, թայվանյան ընկերությունները,  կստեղծվի համագործակցության լայն միջավայր։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր «Ucom» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ աջակցելով «ԴիջիԹեք»-ին և «WCIT 2019»-ին՝  նպատակ են ունեցել, որպեսզի Հայաստանը տեխնոլոգիական երկրի դիրք ունենա, ինչն այսօր արդեն իրականություն է դառնում։
Վերջին 10 տարիների ընթացքում «Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80000-ի:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Placeholder
«Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը