Հասկացանք, որ ալերգիա է առաջացնում «վեթինգ» բառը. վարչապետ
Իրավունք
15:35 03/10/2019
Հայաստան

Հասկացանք, որ ալերգիա է առաջացնում «վեթինգ» բառը. վարչապետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ռազմավարության քննարկման ժամանակ նշեց, որ փաստաթղթի վերաբերյալ իրենց տեսակետը հայտնել են հունիսի 21-ին, սակայն այդ ժամանակ ներկայացված ռազմավարության մեջ նախատեսված չի եղել ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու հարցը։ Ըստ նրա՝ ավելի ուշ քննարկումների ժամանակ է այդ գաղափարն առաջացել։

ՊԵԿ նախագահն առաջարկեց հնարավորություն տալ ավելի խորը վերլուծություն ներկայացնելու, որ հարկային հսկողության շրջանակներում քննչական վարչություն չունենալու հանգամանքը որևէ ձևով չվտանգվի:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն էլ առաջարկեց այստեղ ներառել նաև ԱԱԾ-ն։

«Սա վերաբերում է նրան, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը նախորդող  երեք տարիներին, անցումային շրջանում կոռուպցիոն հանցագործություններով քննությունը բացառապես տրվում է ՀՔԾ-ին և Քննչական կոմիտեին։ Ես կառաջարկեի ներառել նաև ԱԱԾ-ն, որպեսզի կարողանանք սահուն կերպով ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից գործերի քննության արդյունավետությունը»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ինչ քննարկել են վերջին անգամ, այդ տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվել. «Այս աշխարհում իդեալական լուծումներ չկան, որոնցից բոլորը  100%-ով տոկոսով գոհ կլինեն»։

Այնուհետև վարչապետը շարունակեց. «Ինձ ամեն անգամ զարմացնում է, որ երբ հարցը գալիս, հասնում է կառավարության նիստ ու պարզվում է, որ ինչ-որ օղակ չի քննարկել։ Իմ մասնակցությամբ առնվազն  երեք քննարկում է եղել։ Այս տրամաբանությամբ մենք անընդհատ  տեղում կդոփենք, սա քաղաքական հարց է, և քաղաքական որոշումը կայացված է։  Չի կարելի հարցերի քննարկումն անվերջ ձգել»։

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ վեթինգին՝ նշելով, որ հայտարարություններ են հնչում, թե կառավարությունը հրաժարվել է դրանից։

«Մենք հասկացանք, որ «վեթինգ» բառը մեծ ալերգիաներ է առաջացնում, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ ՀՀ դատավորի, պաշտոնյայի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»,- ընդգծեց նա։


 

Placeholder
Հասկացանք, որ ալերգիա է առաջացնում «վեթինգ» բառը. վարչապետ