Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՊՏՀ ուսանողներ. «Մենք վստահում ենք մեր համալսարանի ղեկավարին»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ 1500 ուսանող հայտարարություն են տարածել, որտեղ ասված է.
«Մենք՝ ՀՊՏՀ ուսանողներս, կարևորում ենք Համալսարանում կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը և այս գործընթացում Համալսարանի բոլոր շահառուների ներգրավվածությունն ու համախմբվածությունը։ Հանուն կրթության որակի բարձրացման և բարեփոխումների անկասելի ընթացքի՝ մենք հավաստում ենք մեր համախմբվածությունը համալսարանի ղեկավարության և դասախոսական կազմի շուրջ և մեր աջակցությունն ենք հայտնում բարեփոխումների դժվարին, սակայն հույժ կարևոր գործին։
Մենք վստահում ենք մեր համալսարանի ղեկավարին։ Նա իր կանացի իմաստնությամբ, էներգետիկայով և մարդկանց առաջնորդելու բնատուր խարիզմայով ունակ է համալսարանն առաջնորդել որակական առաջընթացի ուղիով։
Վստահ ենք, որ մեր անմիջական ներգրավվածությամբ կկերտենք այն համալսարանը, որի աշխատակիցը, ուսանողը և շրջանավարտը լինելը մեծ պատիվ կլինի յուրաքանչյուրի համար: Մենք պատրաստ ենք մեր ավանդն ունենալ այս գաղափարի իրագործման համար»։
Ստորագրահավաք նախաձեռնող խումբը panorama.am-ին է ուղարկել ստորագրությունների պատճենները։