Գրականագետ. «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պետք է կատարելագործել
Կրթություն, գիտություն
15:55 16/10/2019
Հայաստան

Գրականագետ. «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պետք է կատարելագործել

Հայաստանում 12-ամյա կրթությունը խայտառակություն է, 10-ամյան բավարար է, ապագա սերունդների կյանքից 2 տարի գողանում են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Բավականին առարկաներ կան խտացնելու, ուսումն ավելի արդյունավետ ու սեղմ դարձնելու համար: 12-րդ դասարանում տղաների մի ոտքը դպրոցում է, մի ոտքը զինկոմիսարյատում»,- նշեց գրականագետը:

Նա առաջարկում է դպրոցները դարձնել 10-ամյա, բուհերում վերացնել մագիստարտուրան,  դարձնել 5-ամյա:

«Այդ ձևը Հայաստանում չի արդարանում»,- նշեց Դ. Գասպարյանը: 

Նա ընդգծեց, որ Երևանում, Հայաստանում պետք է բացել արևմտահայերեն ուսուցմամբ դպրոց, քանի որ Սիրիայից, Լիբանանից հայեր են գալիս՝ բերելով իրենց հետ արևմտահայ մշակույթ, լեզու: Դ. Գասպարյանի խոսքով, այս դեպքում ուսուցիչների խնդիր չի լինի, դասագրքերն էլ հեշտ կվերահրատարակվեն արևմտահայերեն:

«Ամեն ինչ մասին խոսում ենք, անփույթ առաջ ենք անցնում, արանքում էլ իր համար ճանապարհ է հարթում մի ապազգային մտայանություն, որին ընտելանում ենք: Թվում է՝ սովորական է, այդպես էլ պետք է լինի: Ոչ, այդպես չպետք է լինի»,- ասաց Դ. Գասպարյանը:

Հարցին, թե տեղեկություն կա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի, նա պատասխանեց, որ եթե այսպիսի նախագիծ մշակվեր ԽՍՀՄ ժամանակ, կասիեն Մոսվան ճնշում է ազգային հանրապետությունների ազգային արժեքները, ոչնչացում է  լեզուն, գրականությունը,  պատմությունը:

«Բայց հիմա մենք ենք մեր գլխի տերը,  մենք մեր ձեռքով փակում ենք մի ճանապարհ, որն անհրաժեշտ է ճիշտ, լիարժեք մասնագետ պատրաստելու համար: Հայոց լեզուն, Հայ գրականությունը, Հայոց պատմությունն այն առարկաներն են, որոնք կրում են ազգային հիշողություն, սերունդերի  կապերը մեր պատմության վաղնջական ժամանակների հետ են ապահովում: Եթե կտրում ենք այս կապը, մեր մասնագետներին վերածում ենք նեղ մասնագետների, ոչ թե զարգացած,  վերածում ենք մանկուրտների՝ հիշողութուն չունեցող մեկի, որը կարող է լավ մասնագետ լինել՝ քիմիակոս, ֆիզիկոս, բայց ազգային հիշողությունը չկրի իր մեջ»,- ասաց Դ. Գասպարյանը:

Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել դպրոցներում այդ երեք առարկների ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
«Այդ նախագիծը չի բխում  մեր ժողովրդի շահերից, լավ մասնագետ պատրաստելու պահանջներից, պետք է վերանայել: Ոչ թե վերանայել՝ թողնելով հինը, այլ ավելի կատարելագործել, երկարացել ուսուցման ժամկետը, հանել ձևականը: Լավ է, որ դեռ որոշում չի կայացվել, դրվելու է հանրային քննարկման:
Իմ ոչն եմ ասում այդպիսի միջամտությանը»,- ասաց գրականագետը:

Ասուլիսին ներկա հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ ինչն ազգային է, մղվում է երկրորդ պլան:

«Ես վախենում եմ դրանից»,- ընդգծեց նա: 

Մ. Տեր-Գուլանյանի խոսքով, սկզբունքորեն դեմ է դրան, բազմաթիվ անիմաստ առարկաներ են անցում, որոնք ոչինչ չեն տալիս ուսանողներին ու այդ ամենը թողած երեք առարկա են ուզում հանել, երեքն էլ սկսվում են «հայ» բառով»:
 

Placeholder
Գրականագետ. «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պետք է կատարելագործել