Ուսանողները հրավիրում են Արայիկ Հարությունյանին ոչ կուլիսային քննարկման
Օրվա թեմա
13:46 14/11/2019
Հայաստան

Ուսանողները հրավիրում են Արայիկ Հարությունյանին ոչ կուլիսային քննարկման

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները  ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց են հավաքվել, հրավիրում են նախարարին  պատասխանելու իրենց հարցերին:

«Մեզանից շատերը պահանջում են նախարարի հրաժարականը: Չի փոխվել մեր օրակարգը: Նախարարը կամ պետք է աշխատի ըստ  էության կամ տուն գնա»,- հայտարարեց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:

Նա նշեց, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հրավիրել է նախարարին վաղը մինչև կեսօր կապ հաստատել ու գալ այստեղ՝ ուսանողների առջև բաց քննարկման:

«Մենք միանում ենք ուսխորհրդի նախագահի կոչին ու թող գա աստեղ մեր հարցերին պատասխանի բովանդակային, ոչ թե ձևական, ինչպես արել է մինչև օրս»,- ասաց Գ. Գյուլումյանը:

Դ. Ափոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուղիղ մեկ տարի առաջ ԵՊՀ 5-րդ հարկում ուսխորհուրդը հրավիրել էր նախարարին  աշխատասենյակում քննարկել ոլորտին առնչվող հարցեր, սակայն նա ասել էր, որ այլևս անցել են կուլիսային քննարկումների ժամանակը, նման քննարկումներ չպետք է լինեն:

«Ես հրավիրում եմ նախարարին ԵՊՀ դիմաց բաց քննարկման, ոչ կուլիսային, պատասխանի իրեն ուղղված բոլոր հարցերին ու քննադատություններին»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իրենց հարցերի հասցեատերը հենց նախարարն է: 

Դ. Ափոյանը չբացառեց, որ նախարարի պատասխանները գուցե լինեն սպառիչ, բավարարող, փոխի մինչ այս վարած քաղաքականությունը:

Նա նշեց, որ իրենց հարցերը կապված են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծի հետ, համալսարանական խնդիրներին, որոնք նախարարն ուղղակի կամ անուղղակի կերպով  ցույց է տվել վերջին մեկուկես տարում:

«Օրենքի  նախագիծը խայտառակություն է: Կարծում եմ՝ հետագա զարգացման ընթացք չի ապրի»,- ասաց Դ.Ափոյանը:

Դասադուլ անող ուսանողները քայլերթով շարժվեցին դեպի ԿԳՍՄ նախարարության շենք՝ միանալու այնտեղ նստացույց անող ՀՅԴ երիտասարդներին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ  Հայ բանասիրության և այլ ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, իսկ ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝  նստացույց : Նրանք պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, ինչպես նաև պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում  վարել ազգային քաղաքականություն:

Placeholder
Ուսանողները հրավիրում են Արայիկ Հարությունյանին ոչ կուլիսային քննարկման