Դավիթ Սահակյանց. Ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի
Մշակույթ
18:18 02/12/2019
Հայաստան

Դավիթ Սահակյանց. Ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի

Panorama.am-ը զրուցել է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ «Օլիմպիկոս» լիամետրաժ  ֆիլմի ու առաջիկա ծրագրերի, վարվող մշակութային քաղաքականության մասին:

Panorama.am-Հիմա ի՞նչ նախագծի վրա եք աշխատում:

Դ. Սահակյանց-Տվյալ պահին փորձում ենք մեր եղած ռեսուրսներն օգտագործելով՝  ավարտենք «Օլիմպիկոս» լիամետրաժ  ֆիլմը:

Panorama.am-Ֆիլմի վրա աշխատանքները սկսել եք 2015 թվականից, այս տարիներին ունեցել եք պետական ֆինանսավորում: Ինչո՞ւ մինչև հիմա չեք ավարտել մուլտֆիլմի նկարահանումները: 4 տարում ֆիլմի համար ինչքա՞ն գումար է տրամադրել մշակույթի նախարարությունը:

Դ. Սահակյանց- Ցանկացած լիամետրաժ մուլտֆիլմ ստեղծելը  բավականին թանկ հաճույք է: Եթե ամբողջ աշխարհում շատ մեծ բյուջեներ են նախատեսվում նման պրոեկտների համար, հաշվի առնելով Հայաստանում տիրող ֆինանսական վիճակը, բնականաբար, չէինք կարող  ունենալ  միանգամից այդ գումարը ու մեկ-երկու տարում  ավարտել: Ստիպված եղանք ինչպես «Անահիտ» մուլտֆիլմի դեպքում,  ֆիլմի ստեղծման պրոցեսը բաշխել տարիներին: «Անահիտի» փորձը հաշվի առնելով՝  հասկացանք, որ հինգ տարին մեր պայմաններում ամենաօպտիմալ տարբերակն է, որ կարող ենք հասցնել ավարտին: «Անահիտի» վրա էլ ենք աշխատել հինգ տարի, մինչ այդ՝ «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը  9-10 տարում ենք ավարտել: Եթե ֆինանսները շատ են լինում, ֆիլմն ավելի արագ ենք ավարտում: Չորս տարի մշակույթի նախարարությունը ֆինանսավորման մի մասն ապահովում էր, այս տարի,  մեզ ոչ հայտնի պատճառներով, չհասկացանք, թե ինչու, ֆինանսավորում նախարարությունից չստացանք:

Գումարը բաշխված էր 5 տարվա մեջ: Ընդհանուր բյուջեն  250 միլիոն դրամ էր կազմում, տարեկան 50 միլիոն պետք է լիներ, չնայած անցած տարի 40 միլիոն էր տրվել:
Անիմացիան կինոինդուստրիայում  ամենաթանկն է: Աշխարհում ցանկացած 70 րոպեանոց մուլտֆիլմ, որ ստեղծվում է, 4 միլիոն դոլարից է  սկսվում ֆինանսավորումը:

Panorama.am-Ի՞նչ պատճառաբանությամբ են մերժել ֆինանսավորումը:

Դ. Սահակյանց-Ինչ-որ կարգեր են փոխվել և այլն, և այլն: Այդ ամեն ինչը բերեց նրան, որ չորս տարի ֆինանսավորումից հետո վերջին տարին չեղավ: Այս ամիս պետք է պրեմիերան լիներ: Եթե ֆինանսավորում լիներ, բնականաբար, ֆիլմն արդեն կլիներ: Հիմա մեր միջոցներով եք փորձում ավարտին հասցնել:  Բոլոր պարտականությունները, որոնք ունեինք մշակույթի նախարարության և պետության հանդեպ, բոլորը կատարել ենք, մեր կատարած աշխատանքը, ներկայացվել է,  ընդունվել է, մեր հաշվետվությունները ներկայացրել ենք, ընդունվել է: Նոյեմբերին նամակ ենք ստացել, որի համաձայն՝ մեր ողջ աշխատանքը, որ պարտավորված էինք նախարարության նկատմամբ, կատարված է:

Քանի որ չկա հստակ պատասխան, թե ինչու չի ֆինանսավորվում ֆիլմը, ես էլ ոչ մի պատճառ չունեմ,  ստիպված եմ տարբեր եզրակացությունների գալ: Իսկապես չգիտեմ, միգուցե,  կարգը փոխվել է կամ ավելի կարևոր պրոեկտներ ունեն, օրինակ, «Մել» ֆիլմը: Կարող է այլ նպատակներ ունեն, նպատակահարմար չեն գտնում այդ ֆիլմն աջակցել: 

Ֆիլմի սյուժեն կապ չունի որևէ քաղաքական կոնտեքստի հետ, մեր ինտերպրետացիան  է 4-րդ դարում Վարազդատ թագավորի  օպիմպիական խաղերին մասնակցության և հաղթանակի վերաբերյալ: Ընդամենն անիմացիոն մուլտֆիլմ է: Ընդ որում, չեմ կարծում, որ սցենարի հետ էլ ծանոթ են եղել, գրվել  է 2014 թվականին Վարդան Զադոյանի հետ միասին: Հինգ տարի առաջ գրված սցենարի հիման վրա է արվում մուլտֆիլմը:

Ես ազատ ստեղծագործող եմ: Այս ֆիլմը չֆինանսավորելը ցույց է տալիս, որ, ըստ երևույթին, որոշում կա այս ֆիլմին  այլևս աջակցություն չտրամադրել: Սա, կարծում եմ, ինքն իրենով գրաքննության  ֆորմաներից մեկն է:

Panorama.am-Ե՞րբ պատրաստ կլինի մուլտֆիլմը:

Դ. Սահակյանց- Չենք կարող կանխատեսել, թե մեր ուժերով երբ կավարտենք ֆիլմը:
Ֆիլմի վրա 20 նկարիչ է աշխատում, եթե հնարավորություն չունեցանք նկարիչներին պահել, պրոցեսն ավելի կդանդաղի: 

Panorama.am-Պարոն Սահակյանց, այսօր խոսվում է պետության կողմից ստեղծագործական պրոցեսներին նվազագույն միջամտության մասին, ի՞նչ կտա այդ ազատականացումը:

Դ. Սահակյանց- Եթե կա պետական գաղափարախոսություն, դրանից հետո պետական աջակցություն, պետությունը պետք է ունենա ստրատեգիա մշակույթի մեջ, ինչ-որ գիծ ընտրի ու այդ գծով շարժվի առաջ: Ցանկալի է, որ դա լինի ազգային ուղղվածությամբ:
Մեր ազգային մշակույթը պարտադիր է  պահել, պետական ֆունկցիաներից մեկն էլ պետք է դա լինի: Եթե  չի աջակցում նման պրոեկտներին, տալիս է ազատություն, դրանով կարող են վնասվել ազգային մշակույթը, ազգային դպրոցները: Այդ դեպքում համարում եմ, որ պետությունը պետք է հսկի, թե ինչ է նկարահանվում պետական գումարներով:

Պետբյուջեից, մեր բոլորիս վճարած հարկերից ինչը ֆինանսավորվում է, պետք է ուղղվածություն ունենա: Եթե նախարարը հայտարարում է, որ  սրանից հետո սատանիզմի հիմքի վրա համերգների արգելքներ չի լինելու, ես որպես հարկատու դեմ եմ, որ իմ գումարները տրամադրվեն, օրինակ, սատանիստական համերգներին: Սա առհասարակ մոտեցում չէ մշակույթին: Ազատությունն ինքն այլ ձև լինի: Պետությունը պետք է ունենա մշակույթի վերաբեյալ ստրատեգիա ու շատ խիստ այն պահպանի, պետք է ստեղծվեն այնպիսի աշխատանքներ, որոնք մնայուն կլինեն ողջ հայկական մշակույթի համար: Ամեն դեպքում մշակույթի նախարարությունը պետք է ունենա կոնկրետ ուղղվածություն: Եթե այնտեղ պետք է լինի ցենզուրա, ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի, որովհետև պետական գումարներով նկարել ցանկացած բան, որը որ մտքովդ անցնում է, դա արդեն ազատություն չէ, այլ անարխիա:

Panorama.am –Արդեն ծրագրե՞լ եք, թե հաջորդ մուլտֆիլմն ինչի մասին է  լինելու:

Դ.Սահակյանց-Ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք այս ֆիլմն ավարտելու վրա,  հետո ժամանակը ցույց կտա, թե ինչի առջև կանգնած կլինենք: Պրոեկտներ շատ ունենք թղթերի վրա, ունենք գաղափարներ, սակայն այս էտապում վաղ է խոսելը: Այս ֆիլմն ավարտենք, հետո կտեսնենք:

Panorama.am –Շնորհակալություն զրույցի համար:

Placeholder