Ուսանողները կարող են ընտրել իրենց բեռնվածության մակարդակը
Կրթություն, գիտություն
13:40 18/12/2019
Հայաստան

Ուսանողները կարող են ընտրել իրենց բեռնվածության մակարդակը

«Այսօրվա վիճակով օրենքն ինձ համար խնդրահարույց չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը՝ անդրադառնալով  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Արզումանյանը նշեց, որ անհանգստացնող որևէ կետ օրենքի նախագծում չի նկատում, և օրենքի շուրջ ստեղծված աղմուկը արհեստածին է համարում. «Ցանկացած օրենք ունի դաշտը կարգավորելու խնդիր, իսկ այս նախագիծը բավականին երկար է։ Տեսեք, հայ գրականության, հայոց լեզվի և հայոց պատմության խնդիրը բուհը պետք է որոշի, և այդ ինքնուրույնությունը տրվում է»։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի խոսքով, նոր օրենքի նախագիծը գործողի նկատմամբ բավականին որակակական առավելություններ ունի։

«Առաջին հերթին հենց բուհերի ինքնավարացումը կառանձնացնեմ։  Սա վերաբերում է և՛ ակադեմիական ինքնավարացմանը, և՛ որոշումների ազատ կայացմանը։ Բուհերն այսուհետ իրենք են որոշելու ուսանողների հեռացման, վերականգնման կարգերը, և այս առումով մենք ունենք ազատություն։ Բացի այդ բավականին ավելացել են ֆինանսական ազատությունները։ Օրինակ, երբ բուհը պետությունից ստացել է գումար, և տարվա  ընթացքում ամբողջությամբ չի օգտագործել, մնացորդը այլևս պետությանը չի վերադարձնելու։ Այսինքն՝ տարբեր դրույթներով ինքնավարության էական ավելացում կա»,- նշեց Հասմիկ Գալոյանը։

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն էլ նշեց, որ ներկայացված օրենքի նախագիծը լուրջ առաջընթաց է գրանցում՝ ներկայում գործող օրենքի համեմատ։

Հարությունյանի խոսքով լուծում է տրվում մի շարք հարցերի, որոնք տարիներ շարունակ քննարկվել են և հանդիսացել են բարձրագույն կրթական համակարգում խնդիրների պատճառ։

«Բարձրագույն կրթության որակին ուղղված մի շարք նոր դրույթներ են ներառված։ Օրինակ, գոյություն ունեցող հեռակա ուսուցման ձևը, որը մշտապես դժգոհություն է առաջացրել իր որակի տեսանկյունից այս օրենքում լուծում է ստացել։

Հեռակա ուսուցումը փոխարինված է մասնակի բեռնվածությամբ ուսուցման կարգով, այսինքն՝ ներկա օրենքում սահմանվում է լրիվ և մասնակի բեռնվածություն, և դա շատ համահունչ է միջազգային չափորոշիչներին։ Այս դեպքում ուսանողները կարող են մասնակի բեռնվածությամբ  սովորել՝ համատեղելով իրենց  ուսումը աշխատանքային գործունեության հետ։ Ուսանողները կարող են իրենք ընտրել իրենց բեռնվածության մակարդակը։ Իհարկե, սահմանված կլինեն առավելագույն և նվազագույն շեմերը»,- նշեց Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով, ուսանողները կարող են սահմանված կրեդիտների 50%-ը հանձնել, հետագայում նրանց ուսումնառության տարիները կկրկնապատկվեն։ 

«Բացի այդ բուհերի ընդունելության համակարգը ևս բարեփոխվել է։ Նոր օրենքը նախատեսում է, որ եթե  ուսանողը ընդունվել է և ակնկալում է անվճար ուսուցում, ինքն է ընտրում բուհը, որտեղ կկարողանա սովորել։ Այդ դեպքում գումարը կտրվի այդ բուհին»,- եզրափակեց խոսքը Կարինե Հարությունյանը։

Placeholder
Ուսանողները կարող են ընտրել իրենց բեռնվածության մակարդակը