«Սոմա»-ի առաջին ներկայացումը
Մշակույթ
09:00 18/12/2019
Հայաստան

«Սոմա»-ի առաջին ներկայացումը

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Փոքր բեմում դեկտեմբերի 18-ին կայանալու է  «Սոմա» պլաստիկ հետազոտությունների թատրոն-լաբորատորիայի նախագծի առաջին ներկայացումը, որը կազմված է առանձին մի քանի ստեղծագործություններից: Աշխատել են երեք բեմադրող՝ Ռիմա Պիպոյան, Արա Ասատուրյան, Աիդա Սիմոն: Panorama.am-ի հետ զրույցում ասաց բեմադրիչ խորեոգրաֆներից Ռիմա Պիպոյանը:

Նա նշեց, որ ստեղծագործություններից յուրաքանչյուրն առանձին գործեր են՝ տարբեր թեմաներով, մեկը մյուսի հետ կապ չունեն: 

Ներկայացումը ցուցադրվելու է նաև դեկտեմբերի 20-ին և 21-ին:

«Տեսնենք՝ ինչպես կանցնի պրեմիերաները, հետո արդեն կորշենք, թե հաջորդ տարվա մեջ ինչպես ենք խաղալու»,- նշեց նա:

Ռ. Պիպոյանն ասաց, որ իրենք նախագիծն իրականացնում են ԿԳՄՍ նախարության հետ համատեղ, նպատակն է  ստեղծել պլաստիկ թատրոն, որտեղ լինի և շարժում, և պար, դերասանները կարողանան պարել, պարողները կարողանան խոսել:

«Սոմա» պլաստիկ հետազոտությունների թատրոն-լաբորատորիա» նախագծի նպատակներից մեկն է Հայաստանում հիմնել երիտասարդ արվեստագետների համար կայուն էքսպերիմենտալ դաշտ, որտեղ հնարավորություն կստեղծվի ստեղծագործելու և հանրությանը ներկայացնելու ժամանակակից սինթետիկ արվեստ: «Սոմա» նախագիծը նպատակաուղղված է ստեղծել հետազոտական լաբորատորիա, որի հիմքում ընկած է լինելու շարժումը` որպես գլխավոր արտահայտչամիջոց: Նախագծի հիմնախնդիրներից մեկն է Հայաստանում ժամանակակից մշակույթ ձևավորել, համապատասխանել միջազգային բոլոր միտումներին և մրցունակ դաշտ ստեղծել հայ ժամանակակից արվեստը ներկայացնելու միջազգային հարթակում: Հետաքրքրություն առաջացնել, ծանոթացնել հանրությանը ժամանակակից պարային-պլաստիկ իրականությանը և դրա անհրաժեշտությանը այսօր արվեստում և կյանքում: Նախագծի երկարաժամկետ նպատակներից է ստեղծել պլաստիկ արվեստների փառատոն-դպրոց, որի ծրագիրը կընդգրկի միջազգային փառատոն, վարպետաց դասեր, սոցիալական և փորձարարական նախագծեր, ինչպես նաև Հայաստանում ստեղծել պլաստիկ թատրոն:

Placeholder
«Սոմա»-ի առաջին ներկայացումը