Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրում է «Թանգարանների մասին» օրենք, որը հաջորդ տարի պետք է դրվի շրջանառության մեջ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա նշեց, որ օրենքում ամենակարևոր ամրագրումն այն կլինի, որ թանգարանները չեն կարող չմասնակցել կրթական ծրագրերի, այսինքն բացի զուտ ցուցադրավայր լինելուց, կրթական հարթակ դառնալու պարտավորություն ունեն: Փոխնախարարի խոսքով, թանգարաններն 98 տոկոսով իրականացնում են դա, բայց պետք է ամրագրվի օրենքով:
Ն. Խաչատուրյանը տեղեկացրեց, որ աշխատում են «Հուշարձանների և հնագիտության մասին» օրենքի վրա, փուլային փոփոխություններ կմտցնեն: Փոխնախարարն ասաց, որ մեծ ուշադրություն են դարձնելու գանձագողությանը, այն կանխարգելելու ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն:
«Գանձագողության կանխարգելման ուղղությամբ նախնական պայմանավորվածություն ունենք Իտալիայի հետ: Այդ երկիրը շատ լավ փորձ ունի: Ունի հուշարձաններ պահանողներ, որոնք զինված ստորաբաժանումներ են, առաքելությունը միայն հուշարձանները պահպանելն է: Կարծում եմ՝ Հայաստանը, որ այսքան հարուստ է պատմական հուշարձաններով ու հնավայրերով, այս մոդելը պետք է վերցնի: Մեր ոստիկանության հետ խոսել ենք, համամիտ են, հակված են համագործակցության: Իտալացի մասնագետները կգան, մեզ համար որոշակի վերապատրաստման դասընթացներ կամ գոնե առաջին փուլում կծանոթացնեն իրենց աշխատաոճին»,- ասաց Ն. Խաչատուրյանը:
Փոխնախարարը նշեց, որ ծրագիր ունեն կապված հնագիտության հետ, քանի որ Հայաստանն այս առումով բացառիկ հարուստ է:
«Հյուսիս-հարավ ճանապարհի վրա՝ Ագարակ գյուղից սկսկած մինչև Դաշտադեմ ու հետո, ունենք հրաշալի պեղված բնակավայրեր, որոնք պետք է պարզապես աշխատեցնել: Նպատակ ունենք ստեղծել արխեոպարկեր, այժմ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ աշխատում ենք այդ գաղափարի ուղղությամբ: Այն մեծ, երկարատև, թանկարժեք ծրագիր է, փուլ առ փուլ ենք անցնելու»,- ասաց նա: