Համազգային թատրոնի համար 2019-ն աննախադեպ էր
Մշակույթ
12:25 10/01/2020
Հայաստան

Համազգային թատրոնի համար 2019-ն աննախադեպ էր

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի գնահատմամբ, 2019 թվականը թատրոնի համար շատ բեղմնավոր էր. ունեցել են յոթ առաջնախաղ մեծ բեմում և 8 թատերականացված ընթերցանություն փոքր բեմում: 

«Ցանկացած թատրոնում 7 պրեմիերան  աննախադեպ է: Մենք ոչ միայն քանակի վրա ենք շեշտը դրել, նաև որակի: Ոմանք կարծում են, որ եթե այդ քանակի ներկայացումներ  ենք բեմադրել, հաստատ որակը տուժել է: Բայց այդպիսի բան չկա, այս մեկ տարվա մեր բոլոր ներկայացումները մեկը մյուսից հետաքրքիր ու յուրատեսակ են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա.Նավասարդյանը:

Դեկտեմբերի 25-ին ներկայացվել է 2019-ի վերջին պրեմիերան՝ Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության հիման վրա Նարինե Գրիգորյանի բեմադրած  «Փափլիկը»: Հունվարի 13-14-ին թատրոնը կսկսի իր 2020 թվականի ընթացքը հենց այդ ներկայացմամբ:
Թատրոնը, Ա. Նավասարդյանի խոսքով, հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, Արցախում, բազմաթիվ երկրներում:

Ասուլիսին ներկա թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարվա ընթացքը պետք է շարունակեն նաև այս տարի:

«Անցած տարի ամենակարևոր քաղաքակնությունն այն էր, որ թարմացվեր խաղացանկը:  Շատ հին ներկայացումներ կային խաղացանկում, ձեռքս գնացել է ու մի քանի ներկայացում հանել եմ, դրանք պետք է նորերով փոխարինեինք: Այս տարի, կարծում եմ, պետք է մի քիչ էլ վայելքի տարի լինի, այսինքն վայելենք մեր ստեղծածը»,- նշեց նա:

Ն. Գրիգորյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում մասնակցելու են տարբեր փառատոների, առաջինը՝ փետրվարին Կիպրոսում, այնուհետև Բելառուս, Պետերբուրգ:

«Կարծում եմ՝ փառատոնը փառատոն կբերի: Մենք կարևորում ենք, որ մեր թատրոնը  լինի աշխարհի թատրոններից մեկը: Իհարկե, հայ հանդիսատեսը մեզ համար կարևոր է, սակայն  աշխարհի հետ միշտ պետք է կապն ազատ լինի՝ մենք տեսնենք իրենց թատրոնը, իրենք մերը: Փառատոները դրա լավագույն հնարավորությունն են»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա նշեց, որ այս տարի փառատոներում ներկայացնելու են նաև «Լոռեցի Սաքոն», որի մեջ կան հայկական ժողովրդական երգեր, Կոմիտաս, հայոց լեզու, Թումանյան՝ ու «այդ ամենը մեր ժողովրդական գույներով ու շատ փառաոնային»:

Նարինե Գրիգորյանն ասաց, որ հաճախ դրսում պարտադրում են, որ ներկայացումը խաղալ ռուսերեն, բայց ինքն անպայման ներառում է հայերեն խոսքը. «Հանդիսատեսն էլ է ուզում լսել հայերեն խոսք: Շնորհակալություն են հայտնում հայերենի համար, միշտ հիացած են լինում մեր լեզվով: Գերմանիայում  խաղում էի Արցախի պատերազմի մասին «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը:  Ցավալի է, բայց բացարձակ չգիտեին այդ պատերազմի  մասին»:

Նա տեղեկացրեց, որ այս տարի լինելու է ամերիկյան պիեսների  թատերականացված ներկայացումները (2019-ին ֆրանսիական պիեսներ էին), իսկ մեծ բեմի համար սկսել են Վուդի Ալենի «Ճախրող լամպի» փորձերը, բեմադրում է ուսանող, իսկ Նիկոլ Ծատուրյանը բեմադրելու է  Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» աշխատանքը, անպայման կլինի մանկական ծրագիր կլինի:

Ինչ վերաբերում է թատրոնի շենքին, որի շինարարական աշխատանքներն  ընթանում են, Արման Նավասարդյանը հույս հայտնեց, որ այս տարի արդեն կունենան իրենց շենքը, որի մասին երազել են տարիներ շարունակ:

«Կառուցապատողը պարտավորվել է անել թատրոնի ամեն ինչը, բացի սպեցիֆիկ սպառազինությունից, որի մեջ մտնում է լուսային և հնչյունային սարքավորումը, բեմի մեխանիկական մասը: Դա պետք է, փաստորեն, մենք կազմակերպենք: Փորձում եմ գտնել հովանավորներ»,- ասաց թատրոնի տնօրենը:
 

Placeholder
Համազգային թատրոնի համար 2019-ն աննախադեպ էր