Չինաստանը կոչ է անում պահպանել Իրանի միջուկային միջազգային գործարքը
Քաղաքական
09:59 10/01/2020

Չինաստանը կոչ է անում պահպանել Իրանի միջուկային միջազգային գործարքը

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից միակողմանիորեն դուրս գալու ԱՄՆ-ի քայլն է ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների գլխավոր պատճառը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ժենգ Շոնգը՝ Պեկինում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ, այս ծրագիրը «թերի» անվանելով, նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ը դուրս բերեց ծրագրից՝ կոչ անելով պայմանագիրը ստորագրած մյուս պետություններին այլ պայմանագիր ստորագրել Իրանի հետ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ժենգի խոսքերով, Միացյալ Նահանգներն առհամարում է միջազգային օրենքներն ու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։

«Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է, և Իրանի միջուկային հարցը կանգնած է մեծ խնդիրների առջև։ Իսկ պայմանագրից դուրս գալուց հետո Միացյալ Նահանգները «խստագույն ճնշումներ» է գործադրում Իրանի վրա, խոչընդոտում պայմանագիրը ստորագրած մյուս կողմերին»,- ասել է խոսնակն ու ավելացրել, որ դա է Իրանի միջուկային ծրագրի հարցով լարվածության պատճառը, հավելելով, որ պայմանագիրը ստորագրած մյուս կողմերի պարտավորությունն այս հարցին արդար լուծում տալն է։

Չինաստանը հայտարարում է, որ սերտ կապեր է պահպանելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ երկրների հետ՝ փորձելու գտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը մեղմելու և Մերձավոր Արևելքում իրադրությունը շտկելու ուղիներ։

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ։ Այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված բազմակողմ դիվանագիտական ծրագիր է և աշխարհում միջուկային զենքերը չտարածելու հարցում կարևոր հիմնաքար»,- հայտարարել է Չինաստանի արտգործանախարարության խոսնակը։

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ստացել է նաև «Իրանի միջուկային միջազգային գործարք» անվանումը, ստորագրվել է Վիեննայում 2Օ15 թվականին՝ Իրանի, Գերմանիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ պետությունների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգերի, ինչպես նաև Եվրոպական միության կողմից։

Placeholder
Չինաստանը կոչ է անում պահպանել Իրանի միջուկային միջազգային գործարքը