Մարտի 13-ին Լոնդոնում կմեկնարկի օլիմպիական վարկանիշային մրցաշարը
Սպորտ
18:40 10/01/2020
Հայաստան

Մարտի 13-ին Լոնդոնում կմեկնարկի օլիմպիական վարկանիշային մրցաշարը

Ծաղկաձորյան հավաքում հագեցած է անցնում ՀՀ  բռնցքամարտի հավաքականի առօրյան:  Մասնագիտականից բացի,  տղաները բացօթյա մարզումներ են անցկացնում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Ձյան վրա վազքով հաղթահարում են  միջին և երկար տարածություններ, բարձրանում  Ալիբեկ լեռան գագաթը,  « կռվում » ծանրաձողերի և կշռաքարերի հետ, իսկ մարզումների վերջում  զբաղվում են լողով:

Հունվարի 7-ին է թիմը մեկնել Ծաղկաձորի մարզահամալիր:Պարապմունքներին մասնակցում են 23 մարզիկներ: Նրանք  այնուհետև մարզումները կշարունակեն Երևանում:

Փետրվարի 2-ին հավաքականը  կմեկնի  Իվանո -  Ֆրանկովսկ քաղաք և Ուկրաինայի, Չեխիայի, Լեհաստանի ու Բելառուսի ընտրանիների հետ 12-օրյա  համատեղ մարզումներ կանցկացնի:

«Վերջին օրերին ընկերական –թիմային մրցամարտեր են նախատեսված նշած երկրների պատվիրակների հետ», - զրույցի ժամանակ ասել է հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

Բռնցքամարտիկների հետ, համապատասխան հանձնարարականով, անհատական պարապմունքներ  են անցկացնում անձնական մարզիչները: Թիմի անդամների ֆունկցիոնալ վիճակից գոհ է մարզական փորձառու բժիշկ, անցյալի նշանավոր բռնցքամարտիկ Համլետ Բեգոյանը:

«Առայժմ դժգոհելու առիթներ չկան և ամեն բան ընթանում է մարզչական խորհրդի կազմած ծրագրով: Մարտի 13-ին Լոնդոնում կմեկնարկի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Համանուն երկրորդ ստուգատեսը տեղի կունենա Ֆրանսիայում ` մայիսին: Յուրաքանչյուր քաշային կարգի համար կգործեն որոշակի չափանիշներ: Չափազանց դժվարին խնդիրներ  պետք է լուծենք  Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելու համար: Ընդամենը վարկանիշային երկու մրցաշարում պարզ կդառնա նախապատրաստական փուլերում կատարած մեր աշխատանքի արդյունքը»,- իր խոսքը եզրափակել է Ռ.Մեհրաբյանը։

Placeholder
Մարտի 13-ին Լոնդոնում կմեկնարկի օլիմպիական վարկանիշային մրցաշարը