Վերազինում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն
Մշակույթ
15:38 15/01/2020
Հայաստան

Վերազինում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Մրցույթին մասնակցել է երեք հոգի: Նշենք, որ Մ. Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Panorama.am-ը հետաքրքվեց Մարիաննա Մխիթարյանից, թե ի՞նչ ծրագրեր ունի թատրոնի հետ կապված, ո՞ր խնդիրներն է համարում առաջնային:

«Ես արդեն սկսել եմ աշխատանքները: Թատրոնի  լուսային ու ձայնային սարքավորումները վատ վիճակում են գտնվում, սկսում ենք դրանց վերազինումը: Այդ սարքավորումները ձեռքբերելու ուղղությամբ մեր գործընկերների հետ համաձայնություն կա, արդեն թղթաբանական փուլն է»,- ասաց նա:

Մ. Մխիթարյանն ասաց, որ թատրոնի աթոռները «իրենից մեծ էին», դրանք ուղղակի վերանորոգել են, որպեսզի  հանդիսատեսը կարողանա «հանգիստ նստել ու դիտել ներկայացումը»:

«Ոչ հարմար դիրքով նստելն ու ներկայացումը նայելը խանգարում և ազդում է տպավորությունների վրա»,- նշեց թատրոնի տնօրենը:

Մ. Մխիթարյանի խոսքով, արդեն սկսկել են թատրոնի փոքր դահլիճի ընդլայնման աշխատանքները:

Ինչ վերաբերում է ստեղծագործական ծրագրերին, նա նշեց, որ ավելի շատ թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ համատեղ գործունեության  հարց է: Մ. Մխիթարյանը հիշեցրեց, որ 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմներին ունեցել են 5 պրեմիերա: Փետրվարի 28-29-ին   կկայանա թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրած «Քաջ Նազար» ներկայացման առաջնախաղը:

«Իմ պատկերացմամբ, մեր թիրախային հանդիսատեսը շատ տարբեր է՝ տարբեր սերունդներ, տարբեր ցանկությունների տեր մարդիկ:  Իմ նպատակներից է թատրոն բերել հայախոս այն երիտասարդ հանդիսատեսին, որը հետաքրքրված է տարբեր երկրների, տարբեր ազգությունների արվեստով, դարձնել իրենց համար ավելի հետաքրքիր, մատչելի, իրենց ռուսերներով ծանոթացնել տարբեր հեղինակների հետ»,- ասաց  Մ.Մխիթարյանը:

Նրա խոսքով,  հետաքրքիր լինելու համար պետք է լինել բազմերանգ, կյանքն արագ է զարգանում և պետք թատրոն բերել  տարբեր շերտեր՝  թե հանդիսատեսի, թե դրամատուրգների:

Մարիաննա Մխիթարյանն ասաց, որ շարունակելու է ղեկավարել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 3-ը:
 

Placeholder
Վերազինում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն