Փաշինյան. Ուզում ենք խեղճ քաղաքացուն օգնենք, որ դառնա հպարտ քաղաքացի
Քաղաքական
16:54 15/01/2020
Հայաստան

Փաշինյան. Ուզում ենք խեղճ քաղաքացուն օգնենք, որ դառնա հպարտ քաղաքացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը:

«Հայաստանում գործող անապահովության գնահատման և սոցիալական աջակցության համակարգը՝ գիտակցորեն, թե ենթագիտակցորեն, ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը կամ պահպանմանը: Այսինքն՝ մարդուն, որ նպաստ ենք տալիս, ի՞նչ խնդիր ենք լուծում. մենք աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի ինքը շարունակի մնալ աղքատ, որովհետև մենք ասում ենք՝ տես, եթե հանկարծ պարզվի, որ դու կով ունես և կաթ ես ստանում, մենք քեզ կզրկենք աղքատության նպաստից, տես, հանկարծ կով չունենաս, հանկարծ չաշխատես, որովհետև եթե իմանանք, որ դու աշխատում ես և աշխատավարձ ես ստանում, քեզ նպաստից կզրկենք»,-վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է՝ ուզում են, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում:

Փաշինյանի համոզմամբ, պետական համակարգը ցանկացել է՝ աղքատը շարունակի մնալ աղքատ կոնկրետ պատճառով։

«Որպեսզի առաջիկա ընտրություններին աղքատը շատ հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ և գնալ ու քվեարկել այդ 5000 կամ 10000 դրամը տվող ձեզ հայտնի ուժերի և թեկնածուների օգտին: Հիմա մենք ինչո՞ւ ենք շահագրգռված, որ աղքատության մեջ հայտնված մարդը հաղթահարի աղքատությունը: Շատ պարզ պատճառով, որովհետև մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Մենք մի քանի անգամ նաև հայտարարել ենք, որ աղքատությունը և սրանից բխող հարակից էֆեկտները համարում ենք Հայաստանում ոչ միայն ընդհանրապես տնտեսական զարգացման, այլև ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման մեծագույն խոչընդոտներից մեկը: Եվ շատ կարևոր է, որ մենք արձանագրենք նպատակը, թե ինչ ենք ուզում. մենք ուզում ենք կախյալ, խեղճ, հուսահատ, փակուղում գտնվող քաղաքացուն օգնել, որպեսզի ինքը դառնա աշխատանքով իր վաստակը, իր բարեկեցությունը և քաղաքացիական իրավունքներին հասանելիությունն ապահովող արժանապատիվ և հպարտ քաղաքացի»,-ասել է նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել  է, որ վարչապետի որոշմամբ 2019թ. փետրվարին ստեղծված աշխատանքային խմբի կողմից մեկ տարում կատարվել են որոշակի աշխատանքներ, և մշակվել են առաջարկություններ, մասնավորապես, ֆինանսական աջակցության կարիքի գնահատման և տրամադրման սկզբունքների վերաբերյալ: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններն ավելի օբյեկտիվ, ինքնաշխատ և հասցեական կդարձնեն անապահովության գնահատման չափանիշները:

Նշվել է, որ եկամտի վրա հիմնված անապահովության գնահատման նոր մեթոդը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանիքի զբաղվածության և ժողովրդագրական ներուժը, նվազագույն սպառողական զամբյուղը, ոչ ֆորմալ տնտեսությունը և այլն:

Placeholder
Փաշինյան. Ուզում ենք խեղճ քաղաքացուն օգնենք, որ դառնա հպարտ քաղաքացի