Դրամատիկական թատրոնը նորոգվում  և արդիականացվում է
Մշակույթ
17:15 10/02/2020
Հայաստան

Դրամատիկական թատրոնը նորոգվում և արդիականացվում է

Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նորոգվում  և արդիականացվում է, որից հետո թատրոնի անձնակազմը նշելու է Ղափլանյանի 95 և նրա անունը կրող թատրոնի 50-ամյա հոբելյաները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Այս շենքը եղել է մամուլի կոմիտեի նիստերի դահլիճը: 1968 թվականից մտել ենք այս շենք և այլևս դուրս չենք եկել: Եվ արդեն 50 տարի փորձում ենք այս շենքը թատրոնի շենք դարձնել: Մինչև օրս այստեղ չկա անգամ օդափոխություն»,- նշել է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը:

Վերջին անգամ թատրոնը նորոգվել է շուրջ 20 տարի առաջ: Համայնքի ենթակայությամբ գործող դրամատիկականում, չդադարող փորձերին զուգահեռ, շինարարական աշխատանքներ են: 2019թ. Երևանի ավագանին հաստատել էր բյուջեի փոփոխված տարբերակը, որով էլ 157 մլն դրամ հատկացվել է թատրոնի վերանորոգմանն ու վերազինմանը:

«Մենք խիստ կարևորում ենք մշակութային կազմակերպությունների տեխնիկական և գույքային միջոցների և առհասարակ պայմանների արդիականացումն ու բարելավումը: Սա կարևոր է, որովհետև Երևանի մի շարք թատրոններ և թանգարաններ չունեն այն պայմանները, որոնք հարիր են 21-րդ դարին, և մենք սկսել ենք Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից»,-ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Թատրոնի համար առաջնային խնդիրը օդափոխության համակարգի անցկացումն է՝ դահլիճում, փորձասենյակներում և հանդերձասենյակներում:
«Մեր սիրելի փոքրիկ դահլիճը մի մեծ թերություն ուներ. մայիսի կեսերից արդեն չէինք կարողանում խաղալ, որովհետև շատ շոգ էր, օդափոխություն չկար: Հիմա լիովին նոր օդափոխության համակարգ է անցկացվում, որը հնարավորություն կտա հանգիստ խաղալ, ձմռանն էլ տաք կլինի»,- նշում է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:

Շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ պայմաններով: Հարդարումից հետո դահլիճում և ամֆիթատրոնում կտեղադրվեն նոր բազկաթոռներ, կփոխվի բեմի վարագույրը, կթարմացվեն նաև միջանցքները:

Վերանորոգումից հետո հանդիսատեսին կդիմավորեն լուսային ու ձայնային նոր հնարավորությունները:

Ներկայացման ժամանակ բոլոր լույսերը կմիանան, կփոփոխվեն ու կանջատվեն լույսերի կառավարման՝ Հայաստանում առաջին ու առայժմ միակ այս համակարգով: Ձեռքի ընդամենը մեկ սեղմում, և ներկայացման ամբողջ ընթացքում լուսային ձևավորումը կապահովվի նախապես որոշված ծրագրով: Թվային նոր համակարգով կաշխատեն նաև հնչունային մասնագետները:

«Ունենալու ենք գունեղ և նոր շնչով ձևավորված ներկայացումներ: Վահանակը կարող է սպասարկել Երևանի բոլոր թատրոնները: Բացի այդ, ձայնային և լուսային համակարգերը կարող են նաև միասին աշխատել, որը շատ կարևոր է, օրինակ, մյուզիքլների ժամանակ»,-ասում է թատրոնի աշխատակից Վահագն Միքայելյանը:

Վերազինման ծրագրով նոր տեխնիկայով է հագեցել նաև թատրոնի լուսանկարչական ստուդիան: Թատրոնի ամբողջ տարածքը կունենա տեսահսկման նոր համակարգ:
Դրամատիկականի խաղացանկում կա 20 անուն ներկայացում: Նորոգումից հետո թատրոնը հանդիսատեսին կդիմավորի նոր ներկայացումներով՝ դառնալով քաղաքի մշակութային զարկերակներից մեկը:

Աշխատանքներն ավարտվելուց հետո դրամատիկականի արդեն նախկին, բայց պիտանի սարքավորումներն ու գույքը կհանձնվեն «Մ. Մկրտչյան արտիստական» թատրոնին:

Placeholder
Դրամատիկական թատրոնը նորոգվում և արդիականացվում է