«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում է
Մշակույթ
20:30 24/02/2020
Հայաստան

«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում է

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, «Դրախտի դարպասը» ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը և անկախ խորհրդատու Հասմիկ Ավետիսյանն այժմ Բեռլինում են՝ մասնակցելու Եվրոպական ֆիլմերի կինոշուկային, որը հիաշալի հնարավորություն է ներկայացնելու պրոդյուսերներին և վաճառքի գործակալներին նոր՝ «Վերածնվածը» և «Սև ցուցակ» կինոնախագծերը։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմից:

Ջիվան Ավետիսյանն այս օրերին ներկա է գտնվելու նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոարտադրողների համար կարևորագույն պլատֆորմին՝ Berlinale Talents-ի ծրագրին (փետրվարի 22-27-ը)։ Ընտրության նախադրյալն է հանդիսացել ռեժիսորի նոր՝ «Վերածնվածը» կինոնախագիծը, որի արտադրությունը նախատեսվում է 2021 թվականի գարնանը։

Թիմն այնտեղ կարևոր հանդիպումներ է ունեցել միջազգային վաճառքի գործակալների և դիստրիբյուտորների հետ, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Դրախտի դարպասը» ֆիմի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019-ի հոկտեմբերին:

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան)  2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի  (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա  յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

Placeholder
«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում է