Շախմատային հանդիպումներ՝ պատանիների և արվեստագետների մասնակցությամբ
Կրթություն, գիտություն
18:49 11/03/2020
Հայաստան

Շախմատային հանդիպումներ՝ պատանիների և արվեստագետների մասնակցությամբ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների» նոր նախագծի մեկնարկը մարտի 13-ին, ժ. 16:00-ին Կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում:

ԳԱԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, երկու ամիս տևողությամբ աշխարհի ամենաինտելեկտուալ խաղերից մեկի՝ շախմատի մրցաշարի ընթացքում պատանիները կմրցեն իրենց նախընտրած արվեստագետների հետ: Նախագծի հաջորդ՝ ստեղծագործական փուլում, խաղում պարտված մասնակիցներն իրենց նախընտրած գեղարվեստական միջոցներով կպատկերեն հաղթանակ տարած մասնակցին:

Որպես նախագծի ամփոփում տեղի կունենա խաղում պարտված մասնակիցների ստեղծագործությունների ցուցադրություն ԳԱԿ-ի «Պատկերասրահ Մեկ»-ում:
Արդյունքում՝ հաղթանակը դառնում է երկուստեք. հաղթում է թե՛ պարտված նկարիչը, ում աշխատանքը ցուցադրվում է և թե՛ բուն հաղթողը, ում պատկերում են:  

Մրցաշարն ուղիղ եթերով կհեռարձակվի ԳԱԿ-ի Facebook-յան էջում:

«Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ակտիվորեն շարունակում է  իր նախաձեռնությունները: Մեկնարկում է մեր պատանիների կողմից մշակված ևս մեկ յուրօրինակ նախագիծ՝ «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների»: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանիներին այս նախագծի շրջանակներում իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրուցելու արվեստագետների հետ: Բացի այդ, ծրագրի արդյունքում կստեղծվեն նոր արվեստանմուշներ և կիրականանա յուրահատուկ ցուցահանդեսային նախագիծ»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 

Placeholder
Շախմատային հանդիպումներ՝ պատանիների և արվեստագետների մասնակցությամբ