Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Էջմիածին քաղաքում չկա այն խուճապը, ինչպես նկարագրում են, իսկ քաղաքապետարանն այսօր չի աշխատում՝ «շաբաթ-կիրակի է»: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը:
Նախ՝ չգիտենք, թե ինչ խուճապ են նկարագրում, երկրորդ՝ ամեն պաշտոնյա նախ իր պարտքն է համարում խոսել խուճապից ու դրա չլինելուց։
Խուճապ լիներ՝ գոնե վարակված նշանդրեքի չէին գնա...
Ինչևէ. մենք մի քանի հարցերով դիմեցինք նրան՝ պարզելու, արդյո՞ք Երևան-Էջմիածին միջքաղաքային, նաև ներքաղաքային տրանսպորտն ախտահանում են, արդյո՞ք ռեստորանը, որտեղ կայացել է նշանդերքի արարողությունը, որին մասնակցել է նաև կորոնավիրուսով վարակված Էջմիածնի քաղաքացին, փակ է կամ ախտահանվել է, վարսավիրանոցը, խանութները, որից օգտվել է այդ կինը ախտահանվե՞լ են:
Մ. Պողոսյանն ասաց, որ Էջմիածին-Երևան երթուղու տրանսպորտային միջոցների ախտահանման մասին չի կարող ասել, քանի որ Էջմիածնի քաղաքապետարանը չի սպասարկում, որևէ բան անելու որևէ իրավասություն չունի, իսկ ներքաղաքային տրանսպորտն արդեն չորս օր ախտահանվում է: Նա նշեց, որ քաղաքում փակված վարսավիրանոց, խանութներ չկան: Վարսավիրը մեկուսացվել է, որի հետ շփվել է այդ կինը:
Թե քանի հոգու է սպասարկել՝ չհարցրեցինք։
«Ընդհանրապես, Էջմիածնում բոլոր պոտենցիալ վարակակիրներն ու նրանց հետ սերտ շփում ունեցած անձիք մեկուսացված են, նրանց թիվը հասնում է գրեթե 100-ի»,- ասաց Մ. Պողոսյանը:
Նրա ներկայացմամբ, խանութներում աշխատողները պաշտպանիչ հագուստ ու դիմակներ են կրում, սեղաններին դրված են ախտահանիչ ալկոգել նյութ, մի քանի խանութում նույնիսկ խունկ էին ծխում:
Ինչ վերաբերում է ռեստորանին, նա նշեց, որ տեղյակ չէ, հարցազրույցներում կարդացել է, որ մի երկու օր առաջվա դրությամբ չի աշխատել, տնօրենն է ասել: Տնօրենը նաև հայտնել է, որ իրենց աշխատակիցները չեն սպասարկել նշանդերքի մասնակիցներին, ուղղակի տարածք է տրամադրել:
«Դրանից հետո ախտահանում եղել է, թե ոչ, չեմ իմանում»,- ասաց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը:
Ինչ վերաբերում է Էջմիածնում կարանտին հայտարարելուն, նա նշեց, որ երեկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարզպետարանում տեղի է ունեցել մարզում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը՝ մասնակցությամբ հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների պատասխանատուների, քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների տնօրենների և ոլորտային այլ պատասխանատուների: Խորհրդակցությանը քննարկվել են տարբեր հարցեր:
«Երեկվա դրությամբ, նիստը կայացել ժամը 14:00-ին, նման հարց դրված չի եղել: Փակվելու որոշում չի եղել»,- ասաց Մ. Պողոսյանը: