Ադրբեջանը գրում է սեփական «Իդլիբի» սցենար
Քաղաքական
15:04 16/03/2020
Տարածաշրջան

Ադրբեջանը գրում է սեփական «Իդլիբի» սցենար

Ադրբեջանական ինֆորմացիոն հոսքերը ակտիվացել են։ Մասնավորապես՝ ադրբեջանական լրատվամիջոցները գովերգում են Թուրքական ռազմական պաշարն ու հմտությունները, խոսում այն մասին, թե՝ « թուրքական բանակը, հրետանային և բազմակի հրթիռային համակարգերին զուգահեռ, օգտագործեց շատ գրոհային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կամիկաձե անօդաչու թռչող սարքեր՝ միաժամանակ ու մեծ թվով՝ ավերիչ հարվածներ հասցնելով Ասադի բանակին»:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը  նախօրեին քննարկել է  մարտ ամսվա սկզբին անցկացված լայնածավալ զորավարժությունների արդյունքները, որի ժամանակ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը նաև խոսել է մարտական պատրաստության ժամանակ ամենաժամանակակից մեթոդներից օգտվելու կարևորության մասին:

Նախարան ասել է, որ Թուրքիայի զինված ուժերի փորձի ուսումնասիրությունը կշարունակի ներառվել իրենց բանակի ուսումնական պլանում, փորձի փոխանակումը կշարունակվի երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ժամանակակից թուրքական զենքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների գնումը:

Թուրքական բանակից և «Իդլիբից» ադրբեջանական մամուլը անցում է անում 2016 ապրիլյան պատերազմին, որտեղ օգտագործել է «Իսրայելից ձեռք բերեց մի քանի տեսակի անօդաչու ինքնաթիռներ և կազմակերպել է դրանց համատեղ արտադրությունը»: Մնացածը՝ սեփական  գովազդն է  և ոչ երկիմաստ ակնարկներ, որ պատրաստվում են կրկնել «Իդլիբի» սցենարը։

Ադրբեջանական մամուլում տեղեկություն կա, թե՝ « այժմ կա իրական հնարավորություն ՝ ընդլայնելու ադրբեջանական բանակի զինանոցը՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերով և կամիկաձե անօդաչուների հաշվին»։

Սկզբունքորեն՝ ադրբեջանական մշտական մեծախոսությունից հետո առանձնապես հասկանալի չէ՝ ուզում են այս ձևով ինֆորմացիաներով ճնշել, թե իրոք ակտիվանում են։

Panorama.am-ը այս հարցերով դիմեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին։

- Այն, որ Ադրբեջանը 1994 թվականից հետո անընդհատ բարենպաստ իրավիճակ է փնտրել՝ խնդիրը իր պատկերացրած ձևով լուծում տալու համար, դա որևէ մեկի համար նորություն չէ: Սակայն խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում տարածվող կորոնավիրուսը տարածում ունի նաև Ադրբեջանում: Սոցցանցերի ադրբեջանական հատվածում խուճապային դրսևորման վերաբերյալ տարբեր տեսանյութեր են շրջանառվում, նույնիսկ տեղեկատվություն շրջանառվեց, որ շատերն ուղղակի դուրս են գալիս երկրից:Իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դժվար է ունենալ, որովհետև ադրբեջանական կողմն այն մշտապես խիստ վերահսկելի է պահում, որոշակի տեղեկատվություն հնարավոր է լինում ֆիքսել կամ սոցցանցերում կամ դրսից աշխատող ադրբեջանական լրատվամիջոցների, իրավապաշտպանների և բլոգերների գրառումներից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցության և Թուրքիայի Զինուժի հետ համագործակցության կապերին, ապա թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ամրագրված է երկկողմ համաձայնագրերով, իսկ թուրքերի մասնակցությունը Ադրեջանի զինված ուժերի կառուցման, վերակառուցման, բարեփոխումների գործընթացում տարբեր փուլերում էլ եղել է: Նոր բան չկա, այլ բան է, որ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը նկատի ունենալով, նրա ներկայությունն ու տարածաշրջանային տարբեր հարցերում նրա միջամտության փորձերը խաթարում են ռեգոնալ կայունությունն ու անվտանգությունը,-ասաց նա: 

(լուսանկարում՝ ադրբեջանական խփված անօդաչուն՝ ՊՆ արխիվից)

Placeholder
Ադրբեջանը գրում է սեփական «Իդլիբի» սցենար