Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն առցանց հարթակում
Մշակույթ
16:41 20/03/2020
Հայաստան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն առցանց հարթակում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս, ինչպես հանրապետության  մյուս մշակութային օջախները, կորոնավիրուսի տարածման կանխարգելման  նպատակով հայտարարված  արտակարգ դրության կապակցությամբ անցել է առցանց աշխատանքային ռեժիմի:

Մասնավորապես, տուն-թանգարանը միացել է ՀՀ ԿԳՄՍՆ  «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը և մշակել է մի շարք  առցանց ծրագրեր՝ նպատակ ունենալով շարունակել հանրահռչակել Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, մեր հետևորդներին ներկայացնել դասական երաժշտության գոհարները, ապահովել տարբեր տարիքային խմբերի կրթամշակութային ներգրավվածությունը: 

Տուն-թանգարանից հայտնում են, որ առցանց հարթակում այցելուներին առաջարկում են «360 stories» ցանցում վիրտուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը: «Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. Նամականի», շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով,   տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն: Նախատեսում են նաև այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը նույնպես  անցկացնել այս հարթակում: 

Տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Աննա Ասոյանը տեղեկացնում է, որ մարտի 22-ին, ժամը՝ 14:00-ին բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, հրավիրում են մասնակցելու  այս ծրագրին: Համագործակցելով այլ թանգարանների հետ՝ տուն-թանգարանը ներգրավվել է նաև միջթանգարանային ծրագրերում: Տուն-թանգարանի աշխատակիցներն այս օրերին մշակում են նաև կրթական, ժամանցային այլ ծրագրեր, որոնք  առավել գրավիչ կդարձնեն առցանց հարթակը:

 

Placeholder
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն առցանց հարթակում