ՀՀ մշակութային կյանքը տեղափոխվում է առցանց տիրույթ.ԿԳՄՍՆ
Մշակույթ
19:36 20/03/2020
Հայաստան

ՀՀ մշակութային կյանքը տեղափոխվում է առցանց տիրույթ.ԿԳՄՍՆ

Ելնելով նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտը, քաղաքացիների մշակութային կյանքի իրացումը և ժամանցի ապահովումը կիրականացնի հեռավար ձևաչափով՝ առցանց տիրույթում:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաննեը, գրադարանները, համերգային և թատերական կազմակերպություններն իրենց  ֆեյսբուքյան էջով կամ կայքով իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց նպատակն արտաքին աշխարհի հետ շփումը ժամանակավորապես դադարեցրած անձանց  ինտելեկտուալ  ժամանցի  կազմակերպումն է:
       

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ իրականացվում է՝

1. «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը: Այն իրենից ենթադրում է  սոցիալական ցանցերում մի շարք կրթամշակութային ծրագրերի կազմակերպում և իրականացում՝ հրավերներն ուղղելով հնարավոր բոլոր խմբերին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին, մշակութային, տեղեկատու հարթակներին, անհատներին: Թանգարանների և գրադարանների առաջարկի ցանկում ընդգրկված են ընթերցանություն, հեքիաթապատում, նկարչական, գրական, երաժշտական, անիմացիոն, խաղեր, մանկապատանեկան մրցույթներ, ճանաչողական ֆիլմեր, պրեմիերաներ, ցուցահանդեսներ և առցանց այլ ծրագրեր: 

Ծրագրերին ծանոթանալու և մասնակցելու համար կարող եք այցելել կից հղումով`  https://www.facebook.com/groups/497738774234372/:

2. Նախարարության ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ մշակվում են մի շարք կրթական-մշակութային, ճանաչողական նախագծեր, մասնավորաբար, մեկնարկելու են՝

⮚ Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դասարան+Դասական» նախագծի հեռավար իրականացման տարբերակը, որի շրջանակում կկազմակերպվեն թատրոնի պատմության դասախոսություններ, ներկայացումների քննարկումներ, զրույցներ անվանի դերասանների հետ, կցուցադրվեն թատրոնի՝ հանդիսականին անծանոթ տարածքները,

⮚ կմեկնարկի «Քո սերնդակիցը» տեղեկատվական հաղորդաշարը, որը պատանիներին կներկայացնի սերնդակից տաղանդավոր երաժիշտ կատարողներին՝ ներկայացնելով աշխատասիրությամբ միջազգային հաջողության հասնելու օրինակներ,

⮚ առանձին նոր ծրագրով հանդես կգա «Դաս Ա» նախագիծը, որը մշակում է նաև բջջային հավելվածներում առցանց դասերի կազմակերպման ծրագիր,  իսկ «Դիջիթըլ Արմ Սիմֆընի» հավելվածում տեղադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները,

⮚  Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ «Առաջին ալիքը» հեռարձակում է «Չտեսնված կինո» նոր հաղորդաշարը, որը հեռուստադիտողին է ներկայացնում հետխորհրդային արտադրության հայկական ֆիլմերը,

⮚  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագործակցությամբ մշակվում է հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրման ծրագիր՝ ուղղված երեխաներին,

⮚ Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ ընթերցվելու են առակներ, կազմակերպվելու են կարճ քննարկումներ, այնուհետև, առաջարկվելու է տանը, ծնողների հետ շարունակել քննարկումները և նշված հասցեով ուղարկել քննարկումների արդյունքում ձևավորված եզրակացությունները,

⮚ «Մշակութային կորոնադադար» խորագրով հաղորդաշար, որի ընթացքում նկարահանող խումբը նախարարի ուղեկցությամբ շրջում է մշակութային հաստատությունների՝ հանրությանն անծանոթ վայրերով /Տիկնիկային թատրոն, Ա․Խաչատրյան համերգասրահ, Մատենադարան, Ազգային արխիվ և այլն/,

⮚ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված միջոցառումներին նվիրված ֆիլմերի շնորհանդեսներ՝ «Դասարան+Դասական», «Կոմիտասին-150», «Հովհ․Թումանյան-150», «Ֆրեսկո»,

⮚ Թատերահամերգային կազմակերպությունների բեմադրությունների և համերգների զետեղում կայքերում և սոցցանցերում /Գ․Սունդուկյանի անվան թատրոն, Տիկնիկային թատրոն, Կամերային երաժշտական թատրոն/:
        

3. Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 661-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 7-րդ կետով հաստատված հավելվածի 4-րդ գլխով սահմանված պահանջները՝ ժամանակավորապես կասեցվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի մարտի 12-ի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերի, իրականացնող կազմակերպությունների և հատկացվող գումարների ցանկը հաստատելու մասին» N 322-Ա/2 հրամանի 2-րդ կետով սահմանված պայմանագրերի կնքման գործընթացը, բացառությամբ հետևյալ ծրագրերի՝

1. «Հայաստանի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման, կատարելագործման և խրախուսման նպատակային ծրագիր»

2.  «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն,     

3. «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» մեկամյա երաժշտական փառատոն, 

4. «ՄԵԿ ԿԱԴՐ» 18-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոն,

5. «Հոբելյանական աստղերի տեղադրում Ազնավուրի հրապարակում կինոգործիչներ Գրիգորի Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Ռուբեն Գևորգյանցի 75, Հրանտ Մաթևոսյանի 85, Ատոմ Էգոյանի 60-ամյա հոբելյանների առթիվ»,

6. Երևանի «Ոսկե Ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոն,

7. «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային  փառատոն 2019,   

8.  Յարխուշտայի փառատոն, խորագիրը՝ Զարկֆեստ,

9. «Սաղսարա» մշակութային, երաժշտական, հետազոտական-վավերագրական նախագիծ,

10. «ՀՀ ոչ նյութական մշակութային Ժառանգություն կայքէջ»,

11. Տարազներ Ալավերդու հունական համայնքի երգչախմբի համար,

12. Միքայէլ Նալբանդեանի գրական ժառանգութիունը (էլեկտրոնային տարբերակ),

13. «Կյանքը նեոլիթում»:

Վերոնշյալ հրամանի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ սահմանված արտակարգ դրության ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ա. Խզմալյանի և Ն. Խաչատուրյանի կողմից կվերանայվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մարտի 12-ի N 322-Ա/2 հրամանով հաստատված  ծրագրերը և կներկայացվեն դրանց իրականացման նպատակահարմարությունը, ինչպես նաև առաջարկներ՝ ծրագրերի իրականացման ժամկետների և հատկացվող գումարների փոփոխության վերաբերյալ:                                                                      

 

Placeholder
ՀՀ մշակութային կյանքը տեղափոխվում է առցանց տիրույթ.ԿԳՄՍՆ