Հաղթանակների գործում մեծ է հայ մարզիկների դերը
Սպորտ
19:51 08/05/2020
Հայաստան

Հաղթանակների գործում մեծ է հայ մարզիկների դերը

Վաղը՝ մայիսի 9-ին,  մեր ժողովուրդը կնշի  ֆաշիզմի դեմ հաղթանակի   75  և  Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձը: Հաղթանակների գործում մեծ է հայ մարզիկների դերը:Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Չնայած պատերազմական վիճակներին Հայաստանում ֆիզկուլտուրային աշխատանքները չեն դադարել:

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում, 1943 թ.  հոկտեմբերի 9 –ին , Հայաստանի ժողկոմխորհը (կառավարությունը)  որոշում է ընդունել միջնակարգ դպրոցներում ունենալ ֆիզիկական դաստիարակության ղեկավարներ , ստեղծել 10  նոր մարզադպրոցներ և այլն : Նույն թվականի հուլիսին որոշվել է   և 1945 –ին սկսել է գործել   ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Պատերազմի հինգ տարիների ընթացքում մեր երկրում պատրաստվել է 11. 645 դահուկորդ ,  15. 528 լողորդ,  25. 843 մենապայքարային մարզիկ , 42 հազար նռնականետորդ և այլն : Հայաստանում  ֆիզկուլտուրային կոլեկտիվների թիվը հասել է  777-ի , իսկ մարզիկների քանակը` 33 հազար 451-ի :

Հաղթանակի ոգով են ռազմի դաշտ մեկնել  աննկուն հայ մարզիկները : Բոլորին է հայտնի Հրանտ Շահինյանի ` օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի  անունը : Բայց երևի քչերը գիտեն , որ  «նժույգի արքան»  Խորհրդային բանակի կազմում,  հյուսիսկովկասյան ռազմաճակատում   մարտնչել է ֆաշիստական հրոսակների դեմ   և 1943-ին ազդրից ծանր վիրավորվել է:

Պատերազմի ավարտից հետո Հրանտ Շահինյանը հենակներով  է վերադարձել մարզադահլիճ : Կամքով արի մարտիկն ու մարզիկն  իր մեջ ուժ  է գտել   վերականգնելու հաշմված ոտքը և դեռ ավելին` Հելսինկիում 1952 թ. կայացած  օլիմպիական  խաղերում նվաճել է  երկուական ոսկե և արծաթե մեդալ :

Հայոց մարզաշխարհի մարդկանց դերն անուրանալի  է նաև արցախյան հերոսամարտում: Հենց միայն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23 շրջանավարտներ և ուսանողներ հերոսաբար են ընկել մարտադաշտում: Նրանք խաղային , մենապայքարային, ջրային , կիրառական մարզաձևերի ներկայացուցիչներ են  և նրանց հիշատակը   հավերժացնում  է հարազատ բուհի բակում վեր խոյացած խաչքար-հուշարձանը:

Հարգանք և խոնարհում  պատերազմներում ընկած   հայոց   մարզաշխարհի մարդկանց   հիշատակին:

ՀԱՕԿ-ը  մարզաշխարհի մարդկանց անունից շնորհավորում է պատերազմներից հաղթանակով վերադարձած մեր քաջարի զավակներին, մաղթում քաջառողջություն և երկարակեցություն :

 

Placeholder
Հաղթանակների գործում մեծ է հայ մարզիկների դերը