Օպերայի և բալետի թատրոնն առցանց կցուցադրի «Չիպոլինո» մանկական բալետը
Մշակույթ
14:32 01/06/2020
Հայաստան

Օպերայի և բալետի թատրոնն առցանց կցուցադրի «Չիպոլինո» մանկական բալետը

Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ֆեյսբուքյան պաշտոնական էջում ժամը 16:00-ին կներկայացնի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» երկու գործողությամբ մանկական բալետային ներկայացումը:

Հիշեցնենք, որ 2018 թ. նոյեմբերի 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման առաջնախաղը. այն հետխորհրդային շրջանում թատրոնի խաղացանկում առաջին մանկական ներկայացումն է։ «Չիպոլինո» բալետային ներկայացման դեկորները և հագուստները Ռուսաստանի Մեծ թատրոնից բերվել են թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ: Դիրիժորներն են Հարություն Արզումանյանը, Կարեն Լավչյանը, բեմադրող բալետմայստերը՝ Հենրիխ Մայորովը /ՌԴ և ԲՀ արվեստի վաստակավոր գործիչ/:

1974 թվականին անձամբ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը Հ. Մայորովին հրավիրել է բեմադրելու «Չիպոլինոն», որի պրեմիերան կայացել է Կիևում:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին։  Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվել է երեխաների իրավունքների մասին Հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից: Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ 

Placeholder
Օպերայի և բալետի թատրոնն առցանց կցուցադրի «Չիպոլինո» մանկական բալետը