Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ.Ֆ.Ցոլակյան
Արդեն մի քանի ամիս է ինչ մեր ժողովուրդը պայքարում է անտեսանելի թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքով՝ գտնվում ենք մի իրավիճակում, երբ մեզնից յուրաքանչյուրը , հակահամաճարակային կանոնները պահպանելով կարող է կյանքեր փրկել ՝ միանալով մեծ փրկարարական ընտանիքին:
Ներկայացնելով այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները Ցոլակյանը մասնավորապես նշեց.
«ԱԻՆ-ը իր ողջ ներուժով միացել է պայքարին: ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին տրվել է բժշկական խորհրդատվություն 987-ին՝ հոգեբանական աջակցություն: Ի դեպ, կապված բժշկական խորհրդատվության հետ, հարկ եմ համարում ասել, որ իմ հանձնարարությամբ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն անցել է հեռավար ծառայության: Այսինքն՝ քաղաքացիները կարող են հոգեբանական աջակցություն ստանալ տեսակապի միջոցով՝ զանգելով 911»:
Նախարարի փոխանցմամբ՝ 911 ծառայությունը գործում է շուրջօրյա, ավելացվել է նաև հերթապահ բժիշկների թիվը:
«Հաշվի առնելով շտապ օգնության 1-03 և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը, իմ հանձնարարականով 24/7 ռեժիմով աշխատող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է: Ցանկացած դեպքում կարող եք զանգահարել 911 համարին և բժիշկները ձեզ անվճար խորհրդատվություն կտրամադրեն»,-ասաց Ցոլակյանը:
ԱԻն նախարարը նաև տեղեկացրեց, որ համագործակցում են այլ գերատեսչությունների հետ նույնպես:
«119 փրկարարներ համատեղ ծառայություն են իրականացնում ոստիկանների և առողջապահության նախարարության աշխատակիցների հետ՝ այցելելով մեկուսացման մեջ գտնվող մեր հայրենակիցներին: 20 փրկարարական հաշվարկ ներգրավված է ողջ երկրում վարակի տարածումը կանխարգելող ազդարարման աշխատանքներին: Հանրապետությունում իրականացվել է շուրջ 47 հազար վարակազերծման աշխատանքներ»,-ավելացրեց Ցոլակյանը:
Նախարարն այսուհանդերձ նշեց, որ ԱԻՆ աշխատակազմում նույնպես կավ վարակակիրներ:
«Ցավոք մեր համակարգում նույնպես կան վարակակիրներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս ընթացքում ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ը բուժվել և վերադարձել են շարք: Նրանցից 15-ը դեռ գտնվում են բուժման մեջ: Ունենք 82 ինքնամեկուսացված»: