Մալաթիայի ոստիկանությունում քաղաքացու վրա օղի են լցրել.  փաստաբան
Իրավունք
13:06 26/06/2020
Հայաստան

Մալաթիայի ոստիկանությունում քաղաքացու վրա օղի են լցրել. փաստաբան

«2019 թվականի հուլիսից մինչ օրս խոշտանգման դեպքերով հարուցվել է 154 գործ, որից  113-ը կարճվել է»,-«Մեդիա կենտրոն»-ում տեսակապի միջոցով կազմակերպված «Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը:

Բանախոսն այդ վիճակագրությունը ոգևորիչ չհամարեց և դրա պատճառներից հիմնականը համարեց  պետության ոչ ճիշտ վերաբերմունքը, քանի որ ուշ է արձագանքում խոշտանգման դեպքերին: Ուշ արձագանքման դեպքերը հաճախ են լինում հատկապես ՔԿՀ-ներում և ոստիկանությունում, որի պատճառն, ըստ վարչության պետի, օրենքի բացն է, որով սահմանված է, որ զննություն իրականացվում է միայն երկու դեպքով, երբ կա գանգատ, կամ առկա են խոշտանգման արտաքին նշաններ:

Գոհար Սիմոնյանը  հայտնեց, որ  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իրկանացնում է խոշտանգումների մշտադիտարկում և  հրապարակում վիճակագրությունը:

Տեսակապին մասնակցող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանն էլ հայտնեց գրասենյակի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց հատուկ քննչական ծառայությունում վերջին տարում քննվել է խոշտանգման վերաբերյալ 130 գործ, որոնցից 99-ը հարուցվել են 2019 թվականին: Բանախոսը հայտնեց, որ հեղափոխությունից հետո էլ ոչինչ չի փոխվել՝ խոշտանգման դեպքերը մնում են չբացահայտված:

Օֆելյա Զալյանի խոսքով, Հայաստանում ականատես են լինում մի երևույթի, երբ խոշտանգման գործերը երկարաձգվում են և հետո կարճվում է, իսկ ստեղծված իրավիճակի պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է:

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ ներկայացրեց խոշտանգման մի քանի դեպքեր: Փաստաբանի ներկայացմամբ, ՔԿՀ-ում պատիժը կրող  Արմեն Աղաջանյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է կիրառվել, ինչի պատճառով վերջինիս հաստ աղին  դուրս է եկել: Մեղավորները կալանավորվել են, բայց հետագայում խոշտանգման հոդվածի քննման ժամանակ արդարացվել են:

Արա Ղարագյոզյան նկատեց, որ խոշտանգման գործերը ինչպես նախկինում համապատասխան գնահատականի չէին արժանանում, նույն վիճակն է նաև հետհեղափոխական Հայաստանում:
Փաստաբանի հիշատակած մեկ այլ դեպքով, Մալաթիայի ոստիկանության բաժանմունք են տարել քաղաքացու, մտցրել տուալետ և օղի լցրել նրա վրա, խոշտանգել, բայց կրկին քրեական գործը հարուցվել է լիազորությունների գերազանցման հիմքով, այլ ոչ թե խոշտանգման:

Քննարկումը կազմակերպվել էր հունիսի 26-ին՝  Խոշատնգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ:

Placeholder
Մալաթիայի ոստիկանությունում քաղաքացու վրա օղի են լցրել. փաստաբան