Արվեստին աջակցելու համար Մեծ Բրիտանիան կտրամադրի 1,57 միլիարդ ֆունտ
Մշակույթ
12:12 06/07/2020
Աշխարհ

Արվեստին աջակցելու համար Մեծ Բրիտանիան կտրամադրի 1,57 միլիարդ ֆունտ

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արվեստի ոլորտին աջակցելու համար 1,57 միլիարդ ֆունտ ստերլինգ է տրամադրելու։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում  է The Guardian-ը։

Մասնագետները վստահ են, որ համավարակի պատճառով բրիտանական մշակույթի ոլորտը լուրջ խնդիրների է բախվել, կառավարության մեծ աջակցությունը կարող է փոխել իրավիճակը։

«Իմ առաջին արձագանքը` բացարձակ թեթևացում և երախտագիտություն: Կարծում եմ, որ սա զարմանալիորեն հավակնոտ փաթեթ է, մանավանդ, երբ մենք համեմատում ենք որոշ եվրոպական հարևանների հետ»,- ասել է դրամատուրգ Ջեյմս Գրեմը։

Իր հերթին Մեծ  Բրիտանիայի վարչապետն արվեստն անվանել է ազգի հոգին։

Նշվում է, որ 880 միլիոն ֆունտ տրամադրվելու է մշակույթի ոլորտի կազմակերպություններին դրամաշնորհի տեսքով և ևս 270 միլիոն ֆունտ՝ պարտքի տեսքով։

100 միլիոն ֆունտ ստանալու են Բրիտանիայի ազգային մշակութային հաստատություններն ու քաղաքացիները  որպես նպատակային աջակցություն։ Շուրջ 120 միլիոն տրամադրվելու է մշակութային ենթակառուցվածքների շինարարության վերսկսման համար։

Նաև միջոցներ են հատկացվելու Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի ազգային մշակույթների աջակցության համար։ 

Placeholder
Արվեստին աջակցելու համար Մեծ Բրիտանիան կտրամադրի 1,57 միլիարդ ֆունտ