Այսօրվանից մեկնարկում է բուհերի թափուր տեղերի մրցույթը
Կրթություն, գիտություն
17:12 20/07/2020
Հայաստան

Այսօրվանից մեկնարկում է բուհերի թափուր տեղերի մրցույթը

Այսօրվանից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին:

ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքի համապատասխան բաժնում, հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18:00-ն:

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին.

• եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր,

• եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում:

Առավելությունը տրվելու է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը: Բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին:

Ըստ աղբյուրի, բուհերի ընդունելության գործընթացում մասնագիտությունների մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:

Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են եղել թափուր տեղեր: Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:

Placeholder
Այսօրվանից մեկնարկում է բուհերի թափուր տեղերի մրցույթը