Կորոնավիրուսային պայմաններում գուցե չարժեր այդ փոփոխութունն արվեր. Կրթության փորձագետ
Օրվա թեմա
12:58 23/07/2020
Հայաստան

Կորոնավիրուսային պայմաններում գուցե չարժեր այդ փոփոխութունն արվեր. Կրթության փորձագետ

«Մենք սպասում էինք այսպիսի դժգոհությունների, բայց, այնուամենայնիվ, առաջնահերթությունը տվել ենք մասնագիտական կողմնորոշման»,- առցանց քննարկմանն ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ խոսելով բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բարձրացրած խնդիրների մասին, որոնք  դժգոհում են ընդունելության քննությունների արդյունքներից, գնահատման համակարգից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից:

Նա նշեց, որ 18 և բարձր ստացած դիմորդներից ընդամենը 6 հոգի չեն ընդունվել բուհ: Կ. Նասիբյանն ասաց, որ, իհարկե, այս հարցը քննարկման փուլում է, մնացածը ստացել են 18-ից  ցածր միավորներ:

«Չեմ հասկանում այն ծնողներին, որոնց երեխաները ստացել են, օրինակ, 13, 13,5 միավոր, ասում են՝ թող 7,5, 8 միավոր ստացածներին հանեն, իրենց երեխաներին ընդունեն: Դա մեզ համար ընդունելի չէ»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ ընդունելության քննություններին բարձր միավորներ ստացած, բայց բուհ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների կողմից բարձրացված հարցերը երեկ քննարկվել են ԱԺ-ում, պատգամավորներն իրեն մտահոգություններն են բարձրացրել, թեև չեն փարատվել:

«Բավականին լուրջ խնդիրներ կան, մեկն այն է, որ կարգ է փոխվել, ուժի մեջ է մտնել այն օրը, երբ արդեն նախօրեին սկսվել էին  դիմում-հայտերի ընդունումը: 
Արդյո՞ք նման հրատապության կարիք կար: Արդեն իսկ բավականին լուրջ մրցակցություն էր, որ ընդամենը մեկ քննություն էր, եթե երկրորդ քննությունը լիներ, նման պատկեր չէր լինի:  ԿԳՄՍ նախարարությունը, ԳԹԿ-ն ռիսկերը պետք է հաշվի առնեին: Ռիսկերի չափում տեղի չի ունեցել: Թեև երեկ վստահեցրեցին, որ իրենք գիտեին՝ նման բան կարող է լինել, այդ դեպքում ավելի վատ է, երբ գիտեին ու չէին կանխում: Քանի որ բոլորը գիտեին ու մի շարք հարցերի շուրջ աչքի էին փակել, թերացել էին կամ չէին հասցրել,  ապա պետք է առավելագույն լուծումներ գտնեին, որպեսզի այդ երեխաները չհայտնվեին այդ իրավիճակում»,- ասաց Ս. Հովսեփյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Աննա Կոստանյանն ասաց, որ հաշվի չի առնվել կարևոր հանգամանք՝ կորոնավիրուսի գոյության փաստը, ինչն իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջացրել բոլոր ոլորտներում, նաև կրթության:  Ըստ նրա, պետք է  հաշվարկ արված լինեին: Ա. Կոստանյանի խոսքով, հաշվի չի առնվել նաև այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաները միգուցե ոչ բոլորին է հասնալի, կամ ոչ բոլոր ծնողներն են հասկանում, ընկալում, եթե տեսանյութերի միջոցով ցույց էին տալիս կարգը,  հայտագրման գործընթացը, պետք է ավելի մանրամասն, պատկերավոր ներկայացվեր:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, գործող համակարգը պետք է փոխվի, քանի որ այն, ինչ այսօր կա, հակասում է բուհերի ինքնավարության սկզբունքին. բուհերը, ըստ էության, ուսանող ընտրելու իրավունք չունեն, մինչդեռ միջազգային հանրույթում ընդունված է բուհերի ինքնավարության  սկզբունքներից մեկը լինի այն, երբ բուհն  ինքն է որոշում ում վերցնի իր մոտ ուսանող:

«Օրինակ, ենթադրենք, ԵՊՀ միջազգային հարաբերություններից որպես շեմ սահմանվում է 15 միավորը,  15-ից պակաս հավաքվածները չի ընդունելու: Եթե բուհերն այդ շեմերը սահմանեին, դա  իրենց ինքնավարությունն է, այս խնդիրը մենք չէինք ունենա: Կարծում եմ՝ ժամանակն է վերջապես կրթական հարցերին ռազմավարական լուծումներ տալ, այլապես անընդհատ իրավիճակային կռիվների մեջ ենք: Սկզբունքները շատ արագ պետք է փոխվեն, համապատասխանեցվեն  համալսարանների ինքնավարությանը»,- ասաց փորձագետը:

Ս. Խաչատրյանի խոսքով, առաջին հայտի գերակայության սկզբունքը ողջամիտ է, թեև ոչ բոլոր 18 տարեկաններն են շատ լավ կողմնորոշված լինում մասնագիտության ընտրության հարցում:  Նոր կարգի մասին իրազեկելու հետ կապված նա նշեց, որ հայտարարվել է այդ մասին. «Բայց հարցն այն է, որ մասնագետները կարող էին դա հասկանալ, թե ինչ է: Գուցե նախարարությունը սոցիալական մի հոլովակ նկարեր, որտեղ պատկերավոր կասեր՝ կարող է դիմորդը հավաքի 18 միավոր ու չընդունվի, իսկ 7,5 միավոր հավաքածն ընդունվի, քանի որ առաջին հայտով է դիմել այդտեղ»:

Կրթության փորձագետի կարծիքով, կորոնավիրուսային պայմաններում գուցե չարժեր այդ փոփոխութունն արվեր, թեև լավ փոփոխություն է:

Ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Ազիզյանն ասաց, որ խոսվում է բարձրագույն կրթության ոլորտում կարճաժամկետ խնդիրների մասին, մինչդեռ անհրաժեշտ է ունենալ ռազմավարություն, փաստաթուղթ: Նա նշեց, որ երևում է նաև գործադրի ու օրենսդրի վատ համագործակցությունը:

 

Placeholder
Կորոնավիրուսային պայմաններում գուցե չարժեր այդ փոփոխութունն արվեր. Կրթության փորձագետ