«Յոթը սարի ետևում …» մրցույթ փառատոնը միտված է մշակութային ժառանգության պահպանությանը
Մշակույթ
15:41 27/07/2020
Հայաստան

«Յոթը սարի ետևում …» մրցույթ փառատոնը միտված է մշակութային ժառանգության պահպանությանը

«Հովհաննես  Թումանյանի  թանգարան» ՊՈԱԿ-ը  և  «Պատմամշակութային  արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ն նախաձեռնել  են  «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, նախագիծը  միտված  է  համայնքային  մշակութային  ժառանգության ուսումնասիրմանը, պահպանությանն ու հանրայնացմանը:
Նպատակն  է՝  համայնքի  բնակիչների  կենսական  միջավայր  բերել   հարազատ բնակավայրի  պատմամշակութային  ժառանգությունը,  համայնքում ստեղծել հայրենաճանաչողության, համայնքի հայտնի ու անհայտ հուշարձանների նկատմամբ հետաքրքրություն ու հոգատար վերաբերմունք:

Մրցույթ-փառատոնը հետախույզ-արշավորդ դառնալու և գիտահանրամատչելի ուսումնասիրություններ իրականացնելու լավագույն  հնարավորություն է հայրենի բնակավայրը բացահայտել ցանկացողի համար:

Մեր երկրի բոլոր համայնքներում  կան  քիչ  թե շատ մոռացված հուշարձաններ, խոնարհված եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բերդեր և այլն: Փառատոնի  մասնակիցները  բանահավաք աշխատանքի  միջոցով  կարող են պարփակել   հուշարձանի, հայկական  բնաշխարհի, տիեզերքի, բույսերի ու մարդկանց,  նրանց  կենցաղի  մասին ավագ  սերնդի մարդկանց  ներկայացրած  ավանդազրույցները,  պատմությունները:

Ուսումնասիրությունը նաև պահպանության միջոց է, իսկ պահպանությունը ենթադրում է նաև ֆիզիկական ոչնչացման դեմ ուղղված քայլեր։

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել՝ 13 տարին լրացած և չափահաս ՀՀ քաղաքացիները, անհատապես կամ խմբով:

Մրցույթ-փառատոնի կանոնակարգին ծանոթանալու, հայտադիմումը լրացնելու համար պետք է այցելել Toumanian.am կայք։
 

Placeholder
«Յոթը սարի ետևում …» մրցույթ փառատոնը միտված է մշակութային ժառանգության պահպանությանը