Իրականությունը խեղաթյուրող քարոզչության համար Ադրբեջանն վտանգավոր գծեր է հատում
Քաղաքական
16:57 03/08/2020
Հայաստան

Իրականությունը խեղաթյուրող քարոզչության համար Ադրբեջանն վտանգավոր գծեր է հատում

Իսրայելում բնակվող էթնիկ ադրբեջանցիները նախատեսել են օգոստոսի 9-ին հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ։ Այդ նպատակով էլեկտրոնային թռուցիներ են տարածվում  սոցիալական ցանցերի ադրբեջանական խմբերում: Սա հերթական վտանգավոր սահմանագիծն է, որ Ադրբեջանը փորձում է հատել՝ սեփական ագրեսիվ մարտավարությունը առաջ տանելու և կեղծիքը քարոզելու համար: Այդ պետության քաղաքական էլիտան, այս անգամ արդեն իր պետության սահմաններից դուրս, փորձում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխել միջկրոնական հարթություն:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ առանց այն էլ բարդ, գործող և պոտենցիալ հակասություններով հագեցած մեր տարածաշրջանում այս անխոհեմ քայլը կարող է լրջորեն խախտել վերջինիս անվտանգությունը: Սա արդեն ավելի շատ տարածաշրջանի մյուս երկրների դիտարկման տիրույթում է: Այստեղ ուշադրության է արժանի մեկ այլ խնդիր: Մեր ոչ բարեկամ հարևանի գործողություններում նոր միտումներ են նկատվում: Տավուշի սահմանին հուլիսյան անհաջող գործողություններից հետո Ադրբեջանն անցել է այլ մարտավարության: Վերջինս փորձում է այն կեղծ պատմությունը, որը քարոզչության և կրթության  տարբեր միջոցներով տասնամյակներով ներարկում էր սեփական ժողովրդին, տարածել նաև Ադրբեջանի սահմաններից դուրս՝ այդ նպատակով ծախսելով միլիոնավոր դոլարներ:

Բայց այս դեպքում այն Ադրբեջանի մտահաղացումը չէ, այլ ընդամենը իր ավագ եղբոր՝ Թուրքիայի հանձնարարականի կատարումն է: Թայիփ Էրդողանը վերջին ելույթի ժամանակ հայտարարեց, որ իրենց պարտքն են համարում հարցի առնչությամբ մոբիլիզացնել համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով քաղաքական, դիվանագիտական և հասարակական բոլոր կապերը:

Ի կատարումն այդ հանձնարարականի, Ադրբեջանն անմիջապես անցավ իր սակավաթիվ հայրենակիցների միջոցով տարբեր երկրներում հասարակական կարծիք ձևավորելուն, իրեն զոհի կերպարում ներկայացնելուն: Աչք է ծագում այն փաստը, որ գրեթե բոլոր դեպքերում կազմակերպված ակցիաներին մասնակցում են տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչները, ինչը փաստում է երկու երկրների սինքրոն գործողությունների մասին:

Ստեղծված իրավիճակում հայկական հզոր սփյուռքի պատասխանն իրեն սպասեցնել չտվեց՝ խլացնելով ադրբեջանաթուրքկան կեղծ քարոզչությունը: Միանշանակ է, որ հայկական սփյուռքի համախմբված գործողությունները մեծ նշանակություն ունեցան առաջին գծում կանգնած մեր զինվորների հաղթանակներն ամրապնդելու համար:

Ադրբեջանաթուրքական այս գործողություններն հետապնդում են ևս մեկ նպատակ:  Եթե նրանց հաջողվի միջազգային հանրությանը հասցնել իրենց՝ իրականությունը խեղաթյուրող տեսակետը, ապա չի բացառվում, որ դրանից ոգևորված Ադրբեջանը Թուրքիայի դրդմամաբ կրկին դիմի արկածախնդրության:

Աշխարհի տարբեր երկրներում մի կոմից հայկական և մյուս կողմից ադրբեջանաթուրքական համայնքի նման ակտիվացումն ունի մեկ այլ հիմնարար պատճառ: Այն փաստում է շփման գծում վերահսկման միջազգային մեխանիզմների, մեղմ ասած, անկատարության մասին: Փաստացի չկան միջոցներ, որոնք թույլ տային բացահայտել հրադադարն առաջինը խախտողին, ինչը հնարավորություն կտար համապատասխան գնահատականներ տալ մեղավորի գործողություններին՝ հետագայում դրանք կանխելու համար:

Օգտվելով ստեղծված իրավիճակից, Ադրբեջանը քարոզչությամբ փորձում է հրադադարը խախտելու և նախահարձակ լինելու իր գործողությունները վերագրել Հայաստանի զինված ուժերին՝ ստիպելով հայկական սփյուռքին գործուն միջոցներ ձեռնարկել իրականությունը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ:

ԵԱՀԿ ներքո շփման գծում դիտարկման գործընթացի կատարելագործման, հրադադարի ռեժիմը խախտողին բացահայտելու հստակ մեխանիզմների ներդրման մասին Հայաստանը բազմիցս է  բարձրաձայնել: Խաղաղության պահպանման և հիմնահարցը բացառապես բանակցային ճանապարհով լուծելու համար սահմանային լարվածության բացառումն առաջնային խնդիր է, որը հնարավոր կլինի միայն հրադադարը խախտելու Ադրբեջանի պարբերական փորձերը բացահայտելով և համապատասխան գնահատական տալով:

Միայն այդ դեպքում Ադրբեջանը կհրաժարվի խնդրիրը ռազմական եղանակով լուծելու իր երազանքից և կիջնի բանակցությունների իրատեսական դաշտ:

Հետևաբար, հայկական սփյուռքի ակտիվ պայքարը կարևոր աշխարհաքաղաքական գործիք է: Դրա արդյունավետությունը բարձրացնելու համար, այն ոչ միայն պետք է ուղղվի ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածման դեմ, այլև անհրաժեշտ է մշտապես հիշատակվի Թուրքիայի ապակառուցողական, իրադրությունը շիկացնողի կեցվածքի մասին և այն, որ վերջինս դեռ չի ընդունել  նախորդ դարասկզբի ոճրագոծության պատասխանատվությունը: Միջազգային հանրությանը պետք է տեղեկացվի, որ, ակտիվացնելով Ադրբեջանի քարոզչական գործողությունները, Թուրքիան փորձում է աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության ճանաձման գործընթացից, ինչպես նաև  Սիրիայում, Լիբիայում և հիմա արդեն՝ Հունաստանի ջրային տարածքներում իր վարած ագրեսիվ գործողություններից:

Ա. Վարդանյան

Placeholder
Իրականությունը խեղաթյուրող քարոզչության համար Ադրբեջանն վտանգավոր գծեր է հատում