Սմբատ Գոգյան. Իմ առաջ քաշած խնդիրները նախարարությունը չի էլ հերքել
Կրթություն, գիտություն
16:25 17/08/2020
Հայաստան

Սմբատ Գոգյան. Իմ առաջ քաշած խնդիրները նախարարությունը չի էլ հերքել

168.am-ը գրում է. Հուլիսի 17-ին կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստը, որի ժամանակ երկու թեկնածուներից ռեկտոր ընտրվեց նույն բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Ի դեպ, ընտրությանը չէր խանգարել այն հանգամանքը, որ նույն օրը Դիանա Գալոյանը աստիճանազրկվել էր ԲՈԿ-ի որոշմամբ։

Նիստի ընդմիջման ժամանակ Դիանա Գալոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բողոքարկել է  ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը, ինչը վարչական վարույթը կասեցնելու հիմք էր:

168.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ: Նա  նշել է՝ իրեն զարմացրել է այն, որ նախարարությունը շտապել է տարածել բողոքները բավարարելու մասին նորությունը.

«Այն փաստը, որ նախարարությունն այսօր այդպես հպարտորեն հայտարարել է նորությունը, թե  առոչինչ է եղել հրամանը, հերթական ապացույցն է, որ նախարարությունն այս հարցում շատ շահագրգռված է և անկողմնակալ չէ»:

Սմբատ Գոգյանը նկատել է՝ հենց այդ հանգամանքն է եղել իր հրաժարականի պատճառը.
«Մայիսի 14-ին, երբ դիմում էի գրել,  հստակ  խնդիրներ եմ առաջ քաշել, որոնք նախարարությունը չի էլ հերքել: Ասեմ ավելին, նախարարը դեռևս հուլիսի 22-ին ինձ ուղղված գրությամբ ասել էր, որ իմ որոշումը սխալ էր,  այսինքն՝ ինքը չխորհրդակցելով  վարույթն իրականացնող, վարույթն անցկացնող մարդկանց հետ, իր դիրքորոշումն ուներ, հետևաբար՝ ինչո՞ւ պետք է իր հրամանը ուրիշ լիներ»:

Ի դեպ, ԲՈԿ նախագահն իր հրաժարականի  դիմումի ընթացքի մասին տեղեկություններ չունի, այդուհանդերձ հարցին, թե այս զարգացումները հաշվի առնելով՝ ի՞նչ ենթադրություններ ունի, Սմբատ Գոգյանը պատասխանել է.

«Ինձ թվում է՝ հիմա պետք է կա՛մ վարչապետը ստորագրի իմ հրաժարականի դիմումը, կա՛մ էլ ինձ կանչի իր մոտ զրուցելու»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Placeholder
Սմբատ Գոգյան. Իմ առաջ քաշած խնդիրները նախարարությունը չի էլ հերքել