Ի՞նչ տարբերակներ կան՝ ԵՊՀ ռեկտոր ընտրելու կարգի հետ կապված
Կրթություն, գիտություն
18:11 25/08/2020
Հայաստան

Ի՞նչ տարբերակներ կան՝ ԵՊՀ ռեկտոր ընտրելու կարգի հետ կապված

ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային  երրորդ հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի  մրցույթների գործընթացներին: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ լրատվական բաժնից։

ՀԽ նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանը Հոգաբարձուների խորհրդի անդամներին  Տեղեկացրել է, որ դեռևս մարտին նախատեսված` ԵՊՀ ռեկտորի և Իջևանի մասնաճյուղի տնօրենի  մրցույթները հետաձգվել են՝ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ  դրությամբ:

Նրա խոսքով, եթե անգամ այդ ժամանակ նիստը տեղի ունենար, ապա ռեկտորի և  տնօրենի ընտրության բուն գործընթացը կարող էր խնդրահարույց լինել ու  վիճարկվեր դատարանում: Գևորգ Մուրադյանի հավաստմամբ, իրավական կարգավորում  այն մասին, թե ինչ պետք է անել հիմա, չկա. «Հոգաբարձուների խորհուրդը  հայտարարել է մրցույթ, եղել է հինգ թեկնածու, բայց գործընթացը կանգ է  առել»:

Նրա կարծիքով, ԵՊՀ ՀԽ-ն բարձրագույն ղեկավարման մարմին է և լիազորված է  որոշելու, թե ինչ քայլ պետք է ձեռնարկել հետագայում, բայց հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ Գևորգ Մուրադյանն առաջարկել է, որ ՀԽ-ն հարցում ուղարկի նախ  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ հասկանալու, թե ինչ իրավակարգավորումներ կան տվյալ իրավիճակում, և դրան զուգահեռ՝ հարցում ուղարկի Արդարադատության  նախարարություն:

ՀԽ նախագահի դիտարկմամբ, այդ գործընթացը կտևի 7-10 օր և թույլ կտա իրավական  ճիշտ ճանապարհով կազմակերպել հետագա քայլերը. «ԵՊՀ ռեկտորի ընտրության  հարցը Հոգաբարձուների խորհրդի առջև ծառացած խնդիրներից առաջնայինն է  այսօր»:

Երևանի պետական համալսարանի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման  ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հախումյանն առաջարկել է նոր  մրցույթ հայտարարել կամ թույլ տալ այլ թեկնածուների ևս առաջադրվելու, քանի  որ փոխվել են խաղի կանոնները և ՀԽ անդամները:

Նրա կարծիքով, կարելի է սպասել նաև մինչև կընդունվի «Բարձրագույն կրթության  և գիտության մասին» նոր օրենքը, որով այլ չափորոշիչներ են սահմանվում  խորհուրդների և ռեկտորի ընտրության համար:

Գևորգ Մուրադյանը փաստել է, որ իրավական ճանապարհը պետք է պարզաբանվի, իսկ  ինչ վերաբերում է նոր օրենքի ընդունմանը, ապա դրա ժամկետները դեռևս անորոշ  են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել ՝, որ օրենքի նախագիծը դեռևս  կառավարությունում է և չի ուղարկվել ԱԺ: Բացի դրանից՝ նրա խոսքով, անիմաստ  է այս պահին խոսել և քայլեր պլանավորել նախագծի դրույթների համաձայն, քանի  որ դեռևս անհայտ է, թե վերջնական ինչ տեսք կունենա և ինչ ձևակերպմամբ  կընդունվի օրենքի նախագիծը:

Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ ընդունել է Գևորգ Մուրադյանի  առաջարկությունը:

Placeholder
Ի՞նչ տարբերակներ կան՝ ԵՊՀ ռեկտոր ընտրելու կարգի հետ կապված