7 մլրդ խմ ջրային ռեսուրսներից մենք կարողանում ենք դեռևս կառավարել չնչին՝ 10-15 տոկոսը. Նիկոլ Փաշինայն
Տնտեսություն
12:37 27/08/2020
Հայաստան

7 մլրդ խմ ջրային ռեսուրսներից մենք կարողանում ենք դեռևս կառավարել չնչին՝ 10-15 տոկոսը. Նիկոլ Փաշինայն

«Սա մեր խոշոր ծրագրերից մեկի  գործնական սկիզբն է»,- կառավարության նիստում հայտնեց  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրը, որը նախատեսում է  հողերի ձեռքբերման և  վերաբնակեցման գործողությունների պլանի հաստատում:

Վերջինս նկատեց, որ խոսքը գնում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում գտնվող Կապսի ջրամբարի պատվարի կայունացման և վերականգնման մասին: Փոխնախարարը տեղեկացրեց, որ ջրամբարի կառուցումը նախատեսված է եղել դեռ 1985 թվականին, որը կապահովի 30 հազար հա հողերի ոռոգումը: 1988-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով այն չէր շարունակվել և 1993 թվականին շինարարությունը կանգնեցվել է:

Վաչե Տերտերյանը հայտնեց, որ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կնքվել է վարկային համաձայնագիր, որով նախատեսվել է 60 մլն եվրո արժողությամբ ծրագիր, որից 50 մլն-ը վարկային միջոցներ են: Փոխնախարարի խոսքով, այն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը և տարածաշրջանի բնապահպանական վիճակի բարելավմանը: Մյուս կողմից էլ, ըստ նրա, անվտանգության խնդիր կա, քանի որ կիսակառույց ջրամբարը ռիսկեր է պարունակում:

Ծրագրի 1-փուլով նախատեսվում է 25 մլն խ/մ ծավալով ջրամբարի կառուցում՝  երկրոդ փուլը ենթադրում է այն հասցնել մինչև 60 մլն խ/մ-ի:

Տեղեկացնելով, որ առաջին փուլում նախատեսվում է, որ Ջրաձոր համայնքի մի քանի շինություններ պետք է ծածկվեն ջրով և  համայնքի ամբողջական վերաբնակեցման հարցը նախատեսված է երկրորդ փուլում՝ Տերտերյանը նկատեց, որ լանջի թեքությունը ցույց է տալիս, որ ռիսկեր կան և գյուղի վերաբնակեցումը պետք է սկսվի առաջին փուլին զուգահեռ:

Նա նշեց, որ պետք է լուծվի Ջրաձոր համայնքի բնակիչների վերաբնակեցման հարցը, այդ նպատակով ուսումնասիրել են 70 և ավելի տնտեսություն, շուրջ 352 մարդ ամբողջությամբ կարելի կլինի վերաբնակեցնել նոր կառուցվող բնակատեղիում, որը կլինի ջրամբարի հայելու հարևանությամբ:

«Մի դեպքում՝ բնակիչներին անհատական լուծումներ ապահովելու դեպքում, գնահատականը եղել է 3.2 մլրդ: Մյուս դեպքում՝ գյուղի անմիջական վերաբնակեցման մասով ունենք 4.9 մլրդ դրամի գնահատական: Բնակչության հետ քննարկումներն ու հանդիպումները բերում են նրան, որ բնակիչները հակված են ամբողջական, գյուղական միջավայրի ու հանրույթի պահպանմանը»,- հայտնեց Վաչե Տերտերյանը:

Վարչապետն իր կողմից ավելացրեց, որ ծրագիրը կարևոր է ոչ միայն Ջրաձորի և նրա բնակիչների համար, այլև պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի մասին կոնկրետացնելու առումով:

«Եվ քաղաքաշինական այն մեծ պրոբլեմները, որ ունենք, այստեղ կարող ենք որոշակի լուծումներ տալ, որ այն զարգանա քաղաքաշինական զարգացման կանոնների համաձայն և լինի մոդելային»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, պետք է ջրամբարաշինության հետագա անելիքներն էլ ավելի կոնկրետացնել, քանի որ ջուրը գնալով դառնում է ավելի կարևոր ռեսուրս, իսկ Հայաստանում տարեկան ձևավորվող 7 մլրդ խմ ջրային ռեսուրսներից կառավարվում է չնչին՝ 10-15 տոկոսը միայն:
 

Placeholder
7 մլրդ խմ ջրային ռեսուրսներից մենք կարողանում ենք դեռևս կառավարել չնչին՝ 10-15 տոկոսը. Նիկոլ Փաշինայն