Հեռավարի համար նոր կարգ ենք մշակել, բայց չենք ցանկանա այդ անցումը լինի. նախարար
Կրթություն, գիտություն
19:49 31/08/2020
Հայաստան

Հեռավարի համար նոր կարգ ենք մշակել, բայց չենք ցանկանա այդ անցումը լինի. նախարար

«Դա մեզ համար ամենաանցանկալի ընթացքը կլինի, որովհետև իրականում համակարգն անընդհատ փոխելը, վերափոխելը, դժվար է նախարարության համար, ազդում է  կրթության ոլորտի վրա, փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենում։ Հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի նման ընթացք չլինի, լիարժեք պատրաստվում ենք դպրոցների վերաբերմանը»,- «Ազատության» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է  համաճարակից ելնելով այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերադառնանք հեռավար ուսուցման, թե ինչ վիճակում էլ լինի համաճարակը, միշտ լինելու է  առկա ուսուցում։

Նա նշեց, որ հեռավարի համար նոր կարգ ենք մշակել, նոր գործիքներ, բայց չեն ցանկանա այդ անցումը լինի և առկա ուսուցմամբ առաջ գնան։

Հարցին՝ ի՞նչ որոշվեց տարրական դասարանի  երեխաները պարտադիր դիմակով են գնալու դպրոց, նախարարն ասաց, որ այդ ցուցումները և կարգավորումները տրված են դեռ մայիս-հունիսից, երբ վեց տարեկանից բարձր քաղաքացիները պարտադիր հանրային ու փակ վայրերում կրում են դիմակ.
«Իհարկե, դա վերաբերում է նաև դպրոցներին։ Առաջիկայում ևս քննարկում կունենանք, փոփոխությունը նույնպես կապված է լինելու  հակահամաճարակային ընդհանուր իրավիճակից, որ տիրում է Հայաստանում։ Եթե ունենանք թվերի  նվազում, ապա, բնականաբար, կարգավորումները նույնպես կթուլանան»։

Նա նշեց, որ իրենք դպրոցներին լավագույնս  աջակցելու են, որպեսզի կանոնները ճշգրտորեն պահանվեն, փոխվարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքում  որոշվել է, որ տեսչական մարմինները նույնպես դպրոցներին և ուսումնական  հաստատություններին կաջակցեն։

«Մենք նաև այս ընթացքում կաշխատենք ծնողների հետ գանք համաձայնության, որ պետք է պահվեն կանոնները, երեխաները պետք է հաճախեն դպրոց։ Դպրոց չհաճախելու դեպքում կլինեն համապատասխան բացասական հետևանքներ իրենց երեխաների համար, կրթության շարունակականության ընդհատում, ինչը հանգեցնելու է հետագա ամսիներին, տարիներին առաջադիմության խնդիրների, կրթական ցենզի  նվազման»,- ասաց  Ա. Հարությունյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ դպրոցների ֆինանսավորումը չի ավելանում, ինչպե՞ս են տնօրենները կարողանալու տնտեսել, դիմակներ ու ախտահանիչ նյութեր ձեռք բերել, Ա. Հարությունյանն ասաց, որ մարտից, երբ փակվել էին դպրոցները, դպրոցներն ունեցել են որոշակի տնտեսումներ, ցուցումներ են ուղարկել, որ որոշ պաշար ունենալ։

«Բայց նաև պետությունը ջանքեր է գործադրել, որոշ քանակությամբ դիմակներ, նաև ախտահանիչ նյութեր  տրամադրելու համար»,- ասաց նախարարը։

Արդյո՞ք ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու եք,  Ա. Հարությունյանն ասաց, որ վեցօրյա ռեժիմով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը չեն ավելացրել, լրացուցիչ դասաժամեր չեն ունենալու, իսկ եթե լինի նման անհրաժեշտություն, դպրոցների հետ կքննարկեն ֆինանսավորումն ավելացնելու հնարավորությունը։ 

Հարցին՝ արդյո՞ք  վերջ չեք տալու 12-ամյա կրթությանը և  երեխաներին 6 տարեկանից  դպրոց ընդունելուց, նախարարը պատասխանեց. «Ոչ։ Մենք իրականում այս չափորոշիչներով և առարկայական ծրագերի փոփոխությամբ նոր բովանդակություն ենք տալու 12-ամյա կրթությանը։ Իրականում 12-ամյա կրթությունը շատ  արդյունավետ է, երբ որ բովանդակությունն էլ տեղն է»։ 

Placeholder