ՍԱՊԾ. Արմավիրում մարդկանց մահվան պատճառ դարձած օղին լաբորատոր փորձաքննության կենթարկվի
Առողջություն
12:44 01/09/2020
Հայաստան

ՍԱՊԾ. Արմավիրում մարդկանց մահվան պատճառ դարձած օղին լաբորատոր փորձաքննության կենթարկվի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առգրավվել է Արմավիրում մարդկանց մահվան պատճառ դարձած օղու է չիրացված խմբաքանակը։ Տեսչական մարմնից հայտնում են, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ:

Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: Տեսչական մարմինը տարածած հաղորդագրության մեջ խմիչքի անունը չեն նշել։
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել:

ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը:

ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:

«Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, և հիշեցնում է, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է»,-ասված է տեսչական մարմնի  տարածած հաղորդագրության մեջ։

Placeholder
ՍԱՊԾ. Արմավիրում մարդկանց մահվան պատճառ դարձած օղին լաբորատոր փորձաքննության կենթարկվի