ԱԺ հանձնաժողովը միաձայն մերժեց աբորտն արգելող հանրագիրը
Առողջություն
16:39 09/09/2020
Հայաստան

ԱԺ հանձնաժողովը միաձայն մերժեց աբորտն արգելող հանրագիրը

«Հայաստանն ընդհանրապես չի ճանաչում ո´չ չծնված երեխայի կյանքի իրավունքը, ո´չ արժանապատվության իրավունքը և ընդանապես այն մարդկային էակ էլ չի դիտում»,-ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց աբորտներն արգելող հանրագիր ներկայացրած իրավաբանական կազմակերպության ներկայացուցիչ Ներսես Իսաջանյանը:

Վերջինս պնդեց, որ «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու իրենց առաջարկն արդիական է, քանի որ ոլորտն կարգավորող օրենսդրությունը հակագիտական, հակաիրավական  է և չի ներկայացնում մեր ժողովրդի արժեհամակարգը: Իսաջանյանը վրդովված ներկայացրեց Առողջապահության ներկայացրած այն ձևակերպումն,ըստ որի, պտուղը դառնում է կենդանի էակ միայն ծնվելուց հետո կենդանության 4 չափանիշների առկայության դեպքում:

Հանրագրի համահեղինակը նկատեց, որ Լեհաստանում  խորը հավատացյալ է բնակչության 41 տոկոսը և չծնված երեխայի իրավունքը ճանաչում է բեղմնավորման պահից, իսկ Հայաստանում 51 տոկոսն է խորը հավատացյալ, բայց նման իրավունք չի ճանաչում:

Ներսես Իսաջանյանը նկատեց, որ Հայաստանը ընդունել է կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունքը դատապարտող օրենք, բայց մարդկային սաղմը անտեսել է: Նրա բերած տվյալներով, 2018 թվականին Հայաստանում 8735 հղիության արհեստական  ընդհատում է եղել, որից 146-ը՝ դեղորայքների միջոցով: Հիշատակելով նախարարությունից ստացած այն տեղեկությունը, որ տարեկան հանրապետություն հղիությունը ընդհատող 200 հազար հաբ է ներկրվում՝ Իսաջանյանը ենթադրեց, որ դրա արդյունքում մինչև 20 հազար հղիություն է ընդհատվում:

Նախաձեռնողները հանրագրով ԱԺ-ին առաջարկում էին շրջանառության մեջ դնել բոլոր տեսակի աբորտների արգելող օրենքների նախագծերի փաթեթը:

Նիստին հրավիրված բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Ավագյանը թվարկեց բոլոր կոնվենցիաները, որոնցով թույլատրվում է աբորտը և պնդեց, որ հանրագրով վերադառնում ենք Քարե դար:

Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաշխատող Կարինե Սարիբեկյանն էլ շեշտեց, որ մինչև հանձնաժողովի նիստի սկսվելը 2 ժամ չեն կարողացել միմյանց համոզել հակառակի մեջ: Նրա խոսքով, աբորտը բացի բարոյական իմաստից, ունի նաև բժշկական և նաև  քաղաքական իմաստ և եթե այն արգելվելու է, ապա պետք է փոխել Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաները: Վերջինս պնդեց, որ աբորտների արգելքը, ոչ թե բարձրացնում է ծնելիությունը, այլ՝ իջեցում:

«Անապահով աբորտները բերում են անպտղության, մայրական մահացության ցուցանիշների բարձրացման, մանկալքության և արատով ծնվող երեխաների թվի և մահացության աճի»,- նկատեց Սարիբեկյանը:

Հանրագրի կողմնակից  գինեկոլոգ Լիլիթ Միսակյանն էլ պնդեց, որ աբորտները հանգեցնում են  Ֆիզիկական և հոգեբանական խնդիրների և չբերության:   Ներսես Իսաջանյանը  հավելեց, որ Լեհաստանում մայրական մահացուցությունը փոքր է:

Հանրագրի դեմ հանդես եկող տարեց բժիշկները պնդեցին, որ աբորտի արգելքը կբերի արտահիվանդանոցային միջամտությունների թվի աճի՝ իրենց բացասական հետևանքներով և հանրագրի հեղինակներին հորդորեցին այնքան էլ սրտաճմլիկ չարտահայտվել մարդկային սաղմի վերաբերյալ: Վերջին հորդորն հիմնավորելու համար բժիշկները բերեցին մարդու և տարբեր կենդանիների, թռչունների և ձկների սաղմերի ձևավորման նույն փուլի նկարները, որոնցից երևում է, որ դրանք բացարձակապես նույնն են:

Չընդունելով բերված նախագծերում ներկայացված դրույթների իրավական կողմերը՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հանրագրի հարցը դրեց քվեարկության, որը մերժվեց միաձայն:
 

Placeholder
ԱԺ հանձնաժողովը միաձայն մերժեց աբորտն արգելող հանրագիրը